Միջազգային
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ Անկարայում անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է, որ թյուրքական աշխարհում «չպետք է տեղ լինի անջատման, պառակտման կամ տարաձայնությունների համար», գրում է Turkiye today-ը։ Կազմակերպության նախագահությունն Ադրբեջանից անցել է Թուրքիային։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին։ Բաքուն ներկայացրել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Սա տեղի է ունենում Անկարայի և Բաքվի միջև վերջին շրջանում առաջացած լարվածության ֆոնին, որը կապված է Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրելու արգելքի հետ։ «Թյուրքական աշխարհի ընտանեկան լուսանկարում չպետք է տեղ լինի անջատման, պառակտման կամ տարաձայնությունների համար։ Մենք բոլորս մեկ ենք, միասին ենք, և Աստծո կամոք՝ եղբայրներ ենք հավիտենից հավիտյան։ Այսօր Թուրքիան Ադրբեջանից ստանձնում է կազմակերպության նախագահությունը։ Մեր կազմակերպության անունից շնորհավորում եմ ադրբեջանցի եղբայրներին՝ նախագահության ընթացքում գործադրած ջանքերի համար»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանը հավելել է, որ նախագահության ընթացքում Թուրքիան նպատակ ունի առաջընթաց գրանցել ընդհանուր լեզվի տարածման, մշակութային միջոցառումների, այդ թվում՝ սպորտային միջոցառումների աջակցության, ինչպես նաև անդամ պետությունների միջև ուղևորությունների դյուրացման ուղղությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևը բաց է թողել գագաթնաժողովը՝ պատճառաբանելով, որ նախապես ծրագրված էր իր մասնակցությունը Բաքվում անցկացվող ՖԻՖԱ-ի մինչև 15 տարեկանների աշխարհի առաջնության և փառատոնի փակման արարողությանը։ Երկու երկրների հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ անցած ամիս Ադրբեջանն արգելել է գլխաշոր կրելը դպրոցներում, ինչը Թուրքիայում բողոքի ալիք և քննադատություն է առաջացրել։Հոկտեմբերի 25-ին Էրդողանը պաշտոնանկ էր արել նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալին, որը քննադատել էր այդ որոշումը։ Այս քայլը նպատակ ուներ «մեղմել լարվածությունը»։ Էրդողանը՝ Իրանի, Պաղեստինի և Հարավային Կովկասի մասին «Մենք աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրներն իրականացնում են Հայաստանի հետ, և շարունակելու ենք նպաստել տևական խաղաղության հաստատմանը։ Հույս ունենք նաև, որ Իրանի հետ վերջերս կրկին սրված լարվածությունը կուղղվի դեպի դիվանագիտություն, այլ ոչ թե զենքի կիրառում։ Մենք պետք է շարունակենք աջակցել 1967 թվականի սահմանների հիման վրա Պաղեստինի անկախ և ինքնիշխան պետության ստեղծմանը, որի մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ կոչ անելով թյուրքական պետություններին աջակցել Գազա մարդասիրական օգնության մատակարարմանը և վերակառուցման աշխատանքների մեկնարկին։ Նա նշել է, որ ակնկալում է կազմակերպության և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի միջև շփումների ակտիվացում, ինչպես նաև հույս հայտնել, որ Թուրքմենստանը շուտով կդառնա կազմակերպության լիիրավ անդամ։ «Տրանսկասպյան արևելք-արևմուտք միջին միջանցքը ռազմավարական նշանակության ուղի է, որը ձևավորելու է ապագայի առևտուրը»,- հայտարարել է Էրդողանը՝ հավելելով, որ կիբերանվտանգության ոլորտում համագործակցության մասին հուշագիրը պետք է ստորագրվի հնարավորինս շուտ։ Նրա խոսքով՝ համատեղ արբանյակային նախագծի արագ իրականացումը շարունակում է մնալ առաջնահերթություն։ Էրդողանը նաև կոչ է արել ստեղծել թվային առևտրի միասնական հարթակ և ներդրում ունենալ «Մեծ թյուրքական լեզվական մոդելի» մշակման գործում, որը կընդգրկի օղուզական, ղփչաղական և կարլուկյան լեզվախմբերը։ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամներն են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը։ Դիտորդի կարգավիճակ ունեն Թուրքմենստանը, Հունգարիան, Հյուսիսային Կիպրոսը և Տնտեսական համագործակցության կազմակերպությունը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին Նմանատիպ նյութեր 2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին 2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





