Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (Սամվել Խաչատրյան) հայցադիմումներ է ներկայացրել կարգալույծ հռչակված հոգևորականներ Ստեփան Ասատրյանի (Տ. Արամ) և Արման Սարոյանի (Գևորգ եպիսկոպոս Սարոյան) դեմ՝ պահանջելով հրապարակային հերքել զրպարտություն պարունակող տեղեկությունները և վճարել խորհրդանշական չափով փոխհատուցում։ Առաջին հայցով Խաչատրյանը պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին հերքել 2026թ.-ի սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին. Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքում իր հասցեին հնչեցրած տեղեկությունները։ Հերքումը հայցվորը պահանջում է հրապարակել նույն հեռուստաընկերությամբ։ Դրանում պետք է նշվի, որ Ասատրյանի հաղորդած տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը, և որ դրանցով նա զրպարտել է Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Եթե նույն լրատվամիջոցով հերքումը հրապարակելն անհնար լինի, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը պահանջում է այն հրապարակել Հայաստանում գործող առնվազն 1000 տպաքանակ ունեցող հայալեզու թերթում։ Այս հայցով Խաչատրյանը պահանջում է նաև Ասատրյանից բռնագանձել 999 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև վերադարձնել իր վճարած պետական տուրքը։ Երկրորդ հայցը վերաբերում է Արման Սարոյանին։ Խաչատրյանը պահանջում է պարտավորեցնել նրան հերքել 2026թ.-ի սեպտեմբերի 30-ին «FreeNews Armenia» առցանց հարթակում հրապարակված հարցազրույցի ընթացքում իր վերաբերյալ հնչեցրած տեղեկությունները։ Հերքման պահանջվող տեքստը նույնն է․ Սարոյանը պետք է հայտարարի, որ իր հնչեցրած տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը, և որ դրանցով զրպարտել է Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հերքումը պետք է հրապարակվի նույն առցանց հարթակում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Հայաստանում գործող առնվազն 1000 տպաքանակ ունեցող հայալեզու թերթում։ Այս հայցով ևս Խաչատրյանը պահանջում է ոչ նյութական վնասի փոխհատուցում, սակայն Արման Սարոյանից պահանջվող գումարը 1 դրամ է։ Նա պահանջում է նաև վերադարձնել նախապես վճարված պետական տուրքը։ Չկան տեղեկություններ, թե նախկին հոգևորականների որ արտահայտություններն են դիտարկվել որպես զրպարտություն։ Հայցադիմումները դեռ վարույթ չեն ընդունվել։