Կրիպտոարժույթների ոլորտի հսկաներից Binance-ը հայտարարել է, որ կիբերհարձակման է ենթարկվել, և վնասը գնահատվում է 6․3 միլիարդ դոլար։ Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ գործընկերների հետ համագործակցությամբ հաջողվել է սառեցնել 3 միլիարդ դոլարը։ Ըստ կազմակերպության հաղորդագրության՝ նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միջադեպը կարող է կապված լինել ինժեներներից մեկի վտանգված նոութբուքի հետ, ինչը հարձակման հեղինակներին թույլ է տվել իրականացնել չարտոնված գործարքներ և դուրս բերել գումարները։ Binance-ը նշում է, որ դրամապանակների գաղտնի բանալիների արտահոսքի ապացույց չի հայտնաբերվել։ Chainalysis-ի գնահատմամբ՝ տեղի ունեցածը հյուսիսկորեական TraderTraitor կիբերհանցագործ խմբավորման աշխատանքն է։ Ըստ վերլուծական ընկերության՝ սա բոլոր ժամանակների խոշորագույն ֆինանսական հանցագործություններից մեկն է և ամենամեծը կրիպտոյի պատմության մեջ։ Ընկերությունը նշում է, որ այս խմբավորումը բազմիցս թիրախավորել է կրիպտոարժույթների ոլորտը, բորսաները և ներդրողներին։ ԱՄՆ Կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալությունը և արևմտյան անվտանգային մյուս ծառայությունները նախկինում մի քանի անգամ հայտարարել են, որ հյուսիսկորեացի հաքերները հարձակումներ են իրականացնում կրիպտոարժույթներով զբաղվող ընկերությունների վրա: Իսկ ՄԱԿ-ի փորձագետների զեկույցի համաձայն՝ հափշտակված գումարները կարևոր եկամտի աղբյուր են Հյուսիսային Կորեայի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերի համար։ Binance-ը հայտարարել է, որ ընկերությունը կփոխհատուցի վնասները սեփական միջոցներից և SAFU հիմնադրամից (Օգտատերերի ակտիվների ապահովության հիմնադրամ)։ Լուսանկարը՝ worldfinance.com