Միջազգային
«Նրանք սպանեցին մեզ». ռուսական հեղինակավոր «Նովայա գազետա» թերթը հայտարարում է փակման մասին
«Նովայա գազետա» ռուսական հայտնի հետաքննական թերթը հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին։ Թերթի հայտնի լրագրողներից մի քանիսը. այդ թվում՝ Աննա Պոլիտկովսկայան, սպանվել կամ մահացել են կասկածելի հանգամանքներում տարբեր ժամանակներում։ «Նրանք սպանեցին մեզ»,- Telegram-ում գրել են թերթի գլխավոր խմբագիրները՝ տեղեկացնելով, որ պարբերականը պաշտոնապես կփակվի նոյեմբերի 9-ին։ 1990-ականների սկզբին հիմնադրված «Նովայա գազետա»-ն, որը մասամբ ֆինանսավորել է Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը, հայտնի էր իր հետաքննական լրագրությամբ։ Թերթի ամենահայտնի լրագրողներից էր Աննա Պոլիտկովսկայան, որի հոդվածները նվիրված էին Չեչնիայի պատերազմներին և այնտեղ իշխանությունների վարած բռնաճնշումներին։ 2006 թվականի հոկտեմբերին նրան գնդակահարել են Մոսկվայի շենքում, որտեղ բնակվում էր: Մեկ այլ լրագրող՝ Յուրի Շչեկոչիխինը, հետաքննում էր ռազմական ոլորտում կոռուպցիան, ինչպես նաև 1999 թվականին Մոսկվայի բնակելի շենքերում տեղի ունեցած առեղծվածային պայթյունները։ Նա հանկարծամահ է եղել 2003 թվականի հուլիսին՝ ԱՄՆ մեկնելուց մի քանի օր առաջ։ Գործընկերները ենթադրում էին, որ լրագրողին թունավորել են։ Թերթի՝ մասնագիտական և քաղաքացիական պարտքը կատարելու համար սպանված մյուս լրագրողներից են Իգոր Դոմնիկովը, Ստաս Մարկելովը, Անաստասիա Բաբուրովան և Նատալյա Էստեմիրովան։ «Նովայա գազետա»-ի երկարամյա խմբագիր Դմիտրի Մուրատովը 2021 թվականին դարձել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ Ռուսաստանում լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումների պայմաններում թերթի աշխատանքը շարունակելու ջանքերի համար։ 2022-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո թերթը դժվարությունների էր բախվել։ Դրանից առաջ պետական կարգավորող մարմինը մի շարք նախազգուշացումներ էր արել։ 2024-ին «Նովայա գազետա»-ի խմբագրակազմի մի մասը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության աջակցությամբ Փարիզում ստեղծել էր թերթի եվրոպական տարբերակը։ «Պատերազմի գրեթե հինգ տարիների ընթացքում մեզ հաջողվել է շարունակել աշխատանքը՝ ամբողջությամբ շրջապատված լինելով անվտանգության ծառայություններով», - գրել են խմբագիրները՝ եզրափակելով. - «Հիմա ամեն ինչ ավարտված է»։ «Մենք հայտնվել ենք «սպանության գոտում»», - գրել են «Նովայա գազետա» թերթի խմբագիրները՝ նկատի ունենալով Ուկրաինայի ռազմաճակատի այն հատվածները, որտեղ զոհերի թիվն ամենաբարձրն է։
Աղբյուր՝ Ազատություն — Միջազգային





