Հասարակություն
Ստեղծվելու է IMEI-ների շտեմարանը կառավարող կազմակերպություն. նախագծի քննարկումը հետաձգվեց
Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովն այսօր մինչև երկու ամսով հետաձգեց «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումը: Նախագծով առաջարկվում է ստեղծել նոր կազմակերպություն, որը կկառավարի IMEI-ների շտեմարանը: Թե՛ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը, թե՛ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեցին, որ նախագծի վրա լրացուցիչ շտկումներ անելու կարիք կա: Քննարկում հանձնաժողովում գրեթե չծավալվեց, բայց նախարարը կարճ ներկայացրեց, թե ինչ է ենթադրում նախագծի ընդունումը: Խնդիրը, որն այս նախաձեռնությամբ գործադիրը փորձում է լուծել, ըստ նախարարի, ստվերի դեմ պայքարն է: «Այսինքն՝ կկարողանանք իդենտիֆիկացնել օրինական ճանապարհով ներկրված և օգտագործվող հեռախոսների համարները և համապատասխան սանկցիաներ կիրառել այն բջջային հեռախոսների նկատմամբ, որոնք չեն համապատասխանի օրենսդրությամբ սահմանված չափանիշներին: Բայց կրկնեմ՝ կարիք կա հստակեցումների․ կփորձենք հնարավորինս արագ՝ մինչև երկամսյա ժամկետը, ավելի ընդունելի նախագիծ ներկայացնել», - ներկայացրեց Դավիթ Թադևոսյանը: հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ շարունակեց՝ բացի ստվերի դեմ պայքարից՝ նաև անվտանգային խնդիր է լուծվելու այս նախագծով. «Այսինքն՝ փորձելու ենք պաշտպանել հայաստանյան բաժանորդներին գողացված և այլ խնդրահարույց հեռախոսներից»: Հանձնաժողովի նախագահն ասաց, որ ոլորտի փորձագետների հետ ունեցել են նախնական քննարկում և եկել այն եզրահանգման, որ կա շտկումներ անելու անհրաժեշտություն:
Աղբյուր՝ Ազատություն — Հասարակություն





