Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել չհեռանալ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայից և չշտապել ազատվել նրանից, «ինչ այսօր օգուտ է տալիս»: «[Հայաստանին] Պետք չէ շտապել դուրս նետել այն, ինչ այսօր քեզ օգուտ է տալիս: Պետք չէ հեռանալ այս ընդհանուր [ԵԱՏՄ] շուկայից», - հայտարարել է Լուկաշենկոն Մինսկում Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: «Ես ձեզ խնդրում եմ՝ մի շտապեք դրանից հեռանալ: Ոչ մի տեղ, հավատացեք ինձ՝ հին նախագահիս, գրեթե 30 տարի աշխատում եմ, ոչ մի տեղ մեզ չեն սպասում», - ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Բելառուսի նախագահը: Լուկաշենկոն նաև Հայաստանին կոչ է արել մտածել՝ կհաջողվի՞ արդյոք Եվրամիությունում վաճառել իր արտադրանքը, այդ թվում՝ կոնյակը: «Եթե դու որոշել ես [գնալ] Եվրոպական միություն, ո՞ւր ես շտապում: Դու հստակ պարզիր՝ որտեղ քո կոնյակը կվերցնեն, որտեղ քո բանջարեղենը, մրգերը կվերցնեն, ինչ ծավալով, կկարողանա՞ս լրացնել այն, ինչ վաճառում ես այսօր մեզ մոտ: Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը՝ իրե՛նը չգիտի ինչ անի, բայց քոնը կգնի, լավ, գնա: Ի՞նչ ես վազում: Ի՞նչ ես սայլը ձիերից առաջ դնում», - նշել է Բելառուսի նախագահը: Դատելով БелТА լրատվական գործակալության հրապարակած լուսակարներից՝ Հայաստանից պատվիրակություն չի մեկնել Մինսկ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստին մասնակցում է տեսակապով: Փաշինյանն ավելի քան երկու տարի առաջ է հայտարարել, թե Հայաստանից որևէ պաշտոնյա չի այցելի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահում է Լուկաշենկոն։ Պաշտոնական Երևանը բազմիցս հավաստիացրել է, որ մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և ակնկալում է համատեղել կազմակերպությանն անդամակցությունը և Եվրամիությանն ինտեգրման գործընթացը, քանի դեռ դա հնարավոր է: Այդուհանդերձ, Մոսկվայից հետևողականորեն պնդում են՝ միաժամանակ ԵՄ և ԵԱՏՄ մաքսային միության կազմում գտնվելն անհնար է, և Երևանին առաջարկում են Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել: Այդ հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ բարձրացրել է սեպտեմբերի սկզբին Բիշքեկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Փաշինյանը պնդել է, որ Եվրամիությանն անդամակցության օրենքի ընդունումով Հայաստանը չի խախտել ԵԱՏՄ-ում որևէ պարտավորություն: «Այդ հարցն այնքան չի հասունացել, որ դրվի ժողովրդական հանրաքվեի, մենք այդ օրենքն ընդունել ենք, որպեսզի հանրաքվե չանցկացնենք», - ասել է վարչապետը: Սեպտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը: Այս միջոցառումներն ազատականացնելու են Հայաստանից Եվրամիություն արտահանումների շուրջ 80 տոկոսը: Միաժամանակ այդ կարգավորումներն ուղեկցվում են որոշակի պայմաններով և միջոցառումներով՝ ուղղված Եվրամիության շուկայի պաշտպանությանը, եթե ներմուծումը բացասաբար ազդի ԵՄ արտադրողների վրա: Առևտրի ինքնավար միջացառումներ (Autonomous Trade Measures - ATM) սահմանելով Բրյուսելը նպատակ ունի աջակցել Հայաստանի տնտեսությանը ռուսական առևտրային սահմանափակումներից հետո: