Տղերք, դուք ընդամենը Եվրոպային սիրահարված և Հայաստանի ապագան Արևմուտքում տեսնել ցանկացող գործիչներ եք, ովքեր կամ չեն ուզում, կամ այդպես էլ չեն գիտակցում, որ Հայաստանը չի կարող գնալ Արևմուտք, և երբեք չի գնալու, և որ Հայաստանի ապագան՝ որպես ինքնիշխան, սուվերեն պետություն, կարող է լինել բացառապես Ռուսաստանի կողքին՝ Ռուսաստանի և ռուս ժողովրդի բարեկամության և ռազմավարական դաշնակցության շնորհիվ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման նախագահ Մհեր Ավետիսյանը։ «Մեր իշխանությունն ու ընդդիմությունը միասին գնում են Եվրախորհրդարան, ելույթներ ունենում, խոսում Հայաստանի և Եվրոպայի միջև լավ հարաբերությունների, համագործակցության և այլն, և այլն, և այլն։ Երկուսն էլ իրար հերթ չտալով պնդում են, թե հնարավոր է երկու լարի վրա խաղալ՝ լավ հարաբերություններ պահպանելով և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի միջև, գովաբանում ԹՐԻՓ-ը՝ անտեսելով, որ արդեն իսկ հնարավոր չէ երկու լարի վրա խաղալ, քանզի Արևմուտքը հասել է իր նպատակին, և Ռուսաստանը, փաստացի, խնդրում, պահանջում է Հայաստանից կողմնորոշվել՝ իր հետ է, թե իր թշնամիների։ Իսկ հետո վերադառնում են Եվրոպաներից և սկսում մեկը մյուսին մեղադրել ռուսական, թուրքական, ադրբեջանական գործակալ լինելու մեջ։ Տղե՛րք ջան, դուք ի՞նչ կապ ունեք Ռուսաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ Տղերք, դուք ընդամենը Եվրոպային սիրահարված և Հայաստանի ապագան Արևմուտքում տեսնել ցանկացող գործիչներ եք, ովքեր կամ չեն ուզում, կամ այդպես էլ չեն գիտակցում, որ Հայաստանը չի կարող գնալ Արևմուտք, և երբեք չի գնալու, և որ Հայաստանի ապագան՝ որպես ինքնիշխան, սուվերեն պետություն, կարող է լինել բացառապես Ռուսաստանի կողքին՝ Ռուսաստանի և ռուս ժողովրդի բարեկամության և ռազմավարական դաշնակցության շնորհիվ։ Ինչ վերաբերում է Թուրքիային, Ադրբեջանին, Իրանին, այս պետությունները ևս համաձայն են և պնդում են, որ մեր տարածաշրջանի խնդիրները պետք է լուծել Ռուսաստանի առաջարկած երեք+երեք ձևաչափով, այսինքն՝ ռեգիոնալ պետությունների համագործակցության արդյունքում, և թույլ չտալ, որպեսզի Արևմուտքը քիթը խոթի մեր տարածաշրջան։ Հայաստանում իրականում հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից քաղաքական լուրջ միավորներ, ցավոք սրտի, չկան։ Եվ իսկապես ժամանակն է մտածելու նման քաղաքական միավոր, շարժում, թիմ ձևավորելու մասին, որպեսզի հնարավոր լինի քանդել այն արատավոր կծիկը, որը ձևավորել են ընդդիմությունն ու իշխանությունը միասին և իրար քննադատում, իրար հետ պայքարում են ընդամենը ցույց տալու համար, որ մեկը իշխանություն է, մյուսը՝ ընդդիմություն։ Բայց մեր իրավիճակը իրականում շատ ավելի օրհասական ու վտանգավոր է, և մենք չենք կարող մեր ժամանակը վատնել քաղաքական ուժերի քաղաքական խաղերը վայելելու վրա։ Ի դեպ, մեր ընդդիմադիրները իրականում շատ յուրահատուկ մարդիկ են։ Իրենք էլ պատերի տակ անձնական զրույցներում բողոքում, դժգոհում են Ռուսաստանից, նախագահ Պուտինից, որ չի օգնում իրենց Հայաստանում իշխանությունը փոխեն, իրենք գան իշխանության և շարունակեն անել նույնը, ինչ անում է գործող իշխանությունը։ Սա իսկապես յուրահատուկ, տարօրինակ մտածողության արգասիք է։ Մեր ընդդիմադիրները և առհասարակ քաղաքական դաշտը այդպես էլ չի ուզում հասկանալ, որ Ռուսաստանը չի միջամտել, չի միջամտում և չի միջամտելու որևէ պետության ներքին գործերի, այդ թվում և Հայաստանի։ Հասկացեք վերջապես՝ ով էլ ղեկավարի Հայաստանը, Ռուսաստանը շփվելու է Հայաստանի այդ ղեկավարության հետ։ Իսկ թե ինչպիսի դիրքորոշում և քաղաքականություն կունենա Հայաստանը՝ որպես պետություն, դրան համապատասխան վերաբերմունք էլ ստանալու է պաշտոնական Մոսկվայից։ Գոնե այս պարզ բաները պետք է հասկանալ»,- գրել է նա։