Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրը կշարունակի դիմադրությունը և իր կայունության ամրապնդումը՝ միաժամանակ վարելով բանակցություններ՝ իրանցի ժողովրդի իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար, հայտնում է Tasnim-ը։ Չորեքշաբթի կառավարության նիստում ելույթ ունենալով՝ Փեզեշքիանն ասել է, որ Իրանը բախվում է «պատերազմի բոլոր չափումներում», սակայն շարունակում է երկխոսությունն ու բանակցությունները՝ արժանապատվության և ուժի դիրքերից։ «Միևնույն ժամանակ մենք վճռականորեն իրականացնում ենք դիմադրության և կայունության ամրապնդման ծրագիրը և, անկասկած, կդիմադրենք, կհիասթափեցնենք և կտապալենք թշնամու ծրագրերը»,- հայտարարել է նախագահը։ Փեզեշքիանը շեշտել է, որ ազգային միասնության և ներքին համախմբվածության պահպանումը երկրի հակառակորդներին դիմակայելու անհրաժեշտ պայման է։ Նա ընդգծել է, որ հասարակության մեջ հույս ձևավորելու և նրա կայունությունն ամրապնդելու համար անհրաժեշտ են միասնություն, համաձայնություն և փոխըմբռնում բոլոր քաղաքացիների միջև։ Նախագահը նաև կոչ է արել ընդլայնելու բազմակողմ համագործակցությունը հարևան երկրների հետ։ Ըստ նրա՝ Իրանը բանակցություններ է վարում տարածաշրջանի պետությունների հետ՝ իր ընթացիկ կարիքների մի մասը բավարարելու համար։ Միևնույն ժամանակ Փեզեշքիանն ընդգծել է, որ պետական քաղաքականության հիմքում պետք է շարունակեն մնալ երկրի ներքին հնարավորությունները։ «Սակայն գլխավոր հարցը ներքին հնարավորությունների վրա հենվելն է, փոխըմբռնումն ու միմյանց հետ համագործակցությունը»,- հայտարարել է Իրանի նախագահը։