2020-ի 44-օրյա պատերազմի ու 2023-ի ադրբեջանական հարձակման հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր Ազգային ժողովում էին: Հանդիպումը կազմակերպել էր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը: «Կխնդրեի մեզ ներկայացնեիք, թե ինչ լուծումներ եք դուք պատկերացնում, ինչպես կարող ենք մենք օգնել մեր կապերով, մեր իրավական հնարավորություններով: Մեր հնարավորությունները թե՛ այսօր օրենսդիր, թե՛ ընդհանուր կապերի առումով ձեր տրամադրության տակ են», - ասաց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը: Անհետ կորածների հարազատները դժգոհում էին պետական կառույցներից, քննչական մարմիններից: Ի՞նչ է հաջողվել բացահայտել այս տարիների ընթացքում, իրենց ոչ մի տեղեկություն չեն հայտնում: Պետական պաշտոնյաներից հոգնած ու հուսահատված մարդկանց խնդիրները ընդդիմադիր պատգամավորներին ներկայացնում էր փաստաբան Տաթևիկ Սողոյանը: Նա էլ մորեղբորն է փնտրում: «Բռնի անհետացումը միջազգային կոնվենցիաներով հանցագործություն է, որի համար խիստ պատիժներ են նախատեսված: Բայց քանի որ մեր պետությունը գնում է էս խաղաղասիրական մթնոլորտում, ինքը, մենք տեսնում ենք, որ ոչ մի միջազգային հարթակում չի առաջ բերում բռնի անհետացածների հարցը որպես հանցագործություն, որին պետք է միջազգային հանրությունը հետամուտ լինի», - նշեց փաստաբանը: Տաթևիկ Սողոյանն առաջարկում էր, որ ընդդիմադիր պատգամավորները միջազգային գործընկերների հետ հանդիպումներում փորձեն պարզել՝ ի՞նչ կարող են անել մարդիկ, եթե Հայաստանի իշխանությունը բռնի անհետ կորածների հարցով գանգատները Եվրադատարանից հետ վերցնի: Ծնողները, հարազատները կարո՞ղ են միջազգային ատյաններ դիմել ու իրենց ուժերով փնտրել անհետ կորածներին: Միմյանց դեմ միջազգային հայցերը ետ կանչելու կետ կա նախաստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում: Կան անհետ կորածներ, որոնց մասին հարազատները բացարձակ տեղեկություն չունեն՝ ո՛չ վկաների ցուցմունքներ կան, ո՛չ նույնականացում է եղել: Ու ուզում են, որ պատգամավորների օգնությամբ սկսեն թիրախային որոնումները: Մոլորված են Արցախում բենզինի պահեստի պայթյունի ժամանակ հարազատներին կորցրած մարդիկ: Ոչ նույնականացում է եղել, ոչ էլ որևէ փաստաթուղթ է գտնվել: 22 հոգուց ոչ մի լուր չունեն: Ադրբեջանական հարձակումից մազապուրծ Հայաստան գաղթած արցախցիներն էլ իրենց որդիների ու հարազատների հարցով Ազգային ժողովում էին: Զոհվածների, անհետ կորածների ծնողներն ու հարազատները նաև բազմաթիվ սոցիալական խնդիրներ ունեն, որ մինչ օրս լուծված չեն: «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ լուծումներ էին փնտրում: Արցախցիներն ուզում են նաև զոհված հարազատների աճյունները ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախից Հայաստան տեղափոխել՝ արտաշիրիմում անել ու այստեղ հուղարկավորել: Պատերազմի օրերին հողի տակ են պահել ու տառապում են, որ նրանք անգերեզման են մնացել: Ընդդիմադիր խմբակցության հետ հանդիպումը ժամեր տևեց: Պատգամավորները խոստացան նրանց հուզող հարցերով զբաղվել, դիմել թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային իրավասու մարմիններին: Հայաստանի պետական պաշտոնյաները վստահեցնում են, որ անհետ կորածների հարցը մշտապես իրենց օրակարգում է, հարցը պարբերաբար քննարկում են Բաքվի հետ: 2020 և 2023 թվականների ռազմական հարձակումներից հետո անհետ կորած է համարվում 206 մարդ: «Ազատության» հաղորդումը դիտեք ստորև.