44-օրյա պատերազմի զոհերի հարազատները պահանջում են, որ իշխող ուժը հրապարակի խորհրդարանի քննիչ հանձնաժողովի զեկույցը: Հանձնաժողովը 2.5 տարի ուսումնասիրեց պատերազմի պարտության պատճառներն ու հետևանքները, ու հետո որոշեցին չհրապարակել այն: «Կա հիմնավոր կասկած, որ դավաճանությունը եղել է բարձր մակարդակով», - ասաց զոհվածների հարազատների ներկայացուցիչ Արսեն Ղուկասյանը: Արսեն Ղուկասյանի եղբայրը 44-օրյա պատերազմում զոհվել է, եղբոր որդին էլ անհետ կորած է: Նա 2020-ից ակտիվ պայքարում է, ակցիաների մասնակցում, որ մի լուր իմանա եղբորորդու մասին: «Ախպերս զոհվել ա, ես պիտի չիմանա՞մ՝ իմ ախպերը ում սխալ գործողության հետևանքով ա զոհվել, թող պատասխան տան, էն երեխեն 6 տարի ա, չկա չիմանա՞նք՝ ում արածի հետևանքով գնաց կորավ», - զայրացավ Արսեն Ղուկասյանը: Քննիչ հանձնաժողովը պատերազմի մասին զեկույցն անցած տարի ավարտեց ու ուղարկեց Ազգային ժողովի գաղտնի փաստաթղթերի բաժին՝ ժամկետները խախտելու պատճառաբանությամբ: Մինչդեռ պետք է հրապարակվեր լիագումար նիստում, ինչպես արեցին 2016 թվականի քառօրյա պատերազմի զեկույցի դեպքում: Ու փաստաթուղթը հանրության համար դարձավ անհասանելի, այդպես էլ մարդիկ չիմացան՝ ինչ է պարզել վարչապետ Փաշինյանի թիմը: Անգամ բոլոր պատգամավորներին այն հասանելի չէ, միայն նրանց, ովքեր ունեն ԱԱԾ-ի թույլտվությունը: 2020 թվականի պատերազմում հայկական կողմը պաշտոնական տվյալներով 3833 զոհ է տվել, 191 մարդ անհետ կորած է համարվում: Զոհերի հարազատներն իրենց հարցերի պատասխաններն են ուզում գտնել այդ զեկույցում: «Հենց նենց այդքան տղաների տանեն փրթեն, կոտորեն, վարչապետն էր ասում՝ գնացել ենք գիտակցված զոհողության, ո՞ւմ ես հարցրել, որ տարել ես», - ասաց Ղուկասյանը: Ամիսներ առաջ ծնողներն էլի Ազգային ժողովի մոտ էին նույն պահանջով, բայց անօգուտ: Ազգային ժողովի նոր խոսնակին ու խմբակցությունների ղեկավարներին այսօր դիմեցին, որ զեկույցը գաղտնի փաստաթղթերի բաժնից փոխանցեն հանրության դատին: Զոհերի ու անհետ կորածների ներկայացուցիչ փաստաբան Հարություն Բաղդասարյանը նշեց. «Մենք գտնում ենք, որ եթե հանձնաժողովը իրավունքի ուժով էր ձևավորվել, որևէ մեկը իրավունք չունի դա չհրապարակել»: Ազգային ժողովի խոսնակը ակցիայից հետո արձագանքեց պահանջին: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ դեմ չէ, որ հրապարակվի, խոստացավ հարցը ուսումնասիրել ու պատասխանել: Քննիչ հանձնաժողովը «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ ստեղծվեց 2022-ին: Պատերազմի հանգամանքները քննում էին միայն իշխող խմբակցության պատգամավորները, ընդդիմադիրները բոյկոտել էին այս հանձնաժողովը: Հանձնաժողով են հրավիրվել պատերազմի օրերի պաշտոնյաները: Ելույթ է ունեցել վարչապետ Փաշինյանը: Քննիչ հանձնաժողովի հարցերին են պատասխանել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը և ուրիշներ: