Հասարակություն
Փաշինյանի և Մինասյանի «փարիզյան հանդիպման» պատկերը կեղծ է
Սոցցանցերում սեպտեմբերի 29-ից ակտիվորեն տարածվում է պատկեր, որում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փողոցում զրուցում է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ներկայում հետախուզման մեւ գտնվող Միքայել Մինասյանի հետ։ «2026թ․ սեպտեմբերի 9-10, Փարիզ։ Իշխանությունը Նիկոլին նվիրած Սերժի փեսա Միքայել Մինասյան, Նիկոլ Փաշինյան։ Ջերմ-ջերմ զրուցում են հին ընկերները»,- գրում է պատկերը ֆեյսբուքում տարածած էջերից մեկը։ Մի շարք տելեգրամյան ալիքներ և ֆեյսբուքյան էջեր պատկերը ներկայացնում են որպես սեպտեմբերի 9–10-ին Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Մինասյանի հետ «գաղտնի» հանդիպման ապացույց։ #CivilNetCheck-ը պարզել է, որ պատկերը կեղծ է․ այն ստեղծվել կամ մշակվել է OpenAI ընկերության՝ արհեստական բանականությամբ (ԱԲ) պատկերներ գեներացնող գործիքով։ Մեր գտած ամենավաղ հրապարակումը սեպտեմբերի 29-ին արել է «Սղոց» տելեգրամյան ալիքը։ Վկայակոչելով անանուն «աղբյուրներ»՝ ալիքը գրել է, թե Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած վերջին այցի ընթացքում տեղի է ունեցել հանդիպում, «որը նախատեսված չէր որևէ պաշտոնական օրակարգով»։ «Սղոց» տելեգրամյան ալիքը ստեղծվել է սեպտեմբերի 26-ին։ Մինչ օրս ալիքն արել է հինգ գրառում՝ բոլորում թիրախավորելով Միքայել Մինասյանին և նրա հասցեին մեղադրանքներ հնչեցնելով։ Սեպտեմբերի 30-ին գրառումը վերահրապարակել է Dejavu տելեգրամյան ալիքը։ Հոկտեմբերի 5–7-ը պատկերն արդեն տարածվել է ֆեյսբուքում՝ առնվազն յոթ էջերի ու օգտահաշիվների միջոցով։ Դրանց մի մասը բառացի կրկնել է «Սղոց»-ի տեքստը։ Հոկտեմբերի 6-ին «Հայաստանի Օդատիեզերական Ձեռնարկություն» և «Իրական այլընտրանք» ֆեյսբուքյան էջերը մի քանի րոպե տարբերությամբ գրառումներ են արել՝ պնդելով, թե «նկարն իրական է, արհեստանական բանականության սարքած չի», և առաջարկել ստուգել դա որևէ ԱԲ-ի հարցնելով։ Ուշագրավ է, որ ԱԲ-ով ստեղծված պատկերները հայտնաբերող AIorNot և Hive գործիքները ֆեյսբուքից ներբեռնված տարբերակը իսկապես չեն ճանաչել որպես ԱԲ-ով գեներացված։ Մինչդեռ տելեգրամից ներբեռնված պատկերի համար AIorNot-ը ցույց է տվել 98%, Hive-ը՝ 99,9%, իսկ Illuminarty-ն՝ 87,6%։ Տարբեր արդյունքները կարող են պայմանավորված լինել նրանով, որ սոցիալական ցանցերի մեծ մասը, այդ թվում՝ Ֆեյսբուքը, ավտոմատ ջնջում են հարթակ վերբեռնված նկարների բոլոր մետատվյալները։ Տելեգրամն այս առումով բացառություն է։ Հնարավոր է՝ պատկերը ստեղծողները ձեռքով ջնջել են այն մետատվյալները, որոնք ցույց են տալիս՝ ինչ գործիքով և երբ է այն գեներացվել, սակայն պահպանվել են այլ մետատվյալներ, որոնք հայտնաբերել են ԱԲ-ով ստեղծված պատկերները ճանաչող գործիքները։ Պատկերը ստուգել ենք նաև OpenAI Verify գործիքով։ Այն հայտնաբերել է SynthID ջրանիշ, «որի սկզբնաղբյուրը OpenAI-ն է», և արդյունքը ձևակերպել՝ «Ստեղծվել է OpenAI-ի գործիքներով»։ SynthID-ն անտեսանելի ջրանշման տեխնոլոգիա է, որն ազդանշանն անմիջապես ներդնում է ԱԲ-ով ստեղծված պատկերի մեջ։ Այդ ազդանշանը կարող է պահպանվել նույնիսկ ֆայլի մետատվյալները ջնջելուց հետո։ Ըստ OpenAI-ի բացատրության՝ նման արդյունքը նշանակում է, որ պատկերը հավանաբար ստեղծվել կամ մշակվել է OpenAI-ի մոդելով, սակայն չի ցույց տալիս՝ այն ամբողջությամբ է գեներացվել, թե մասնակի։ Որոնողական համակարգերում պատկերի հակադարձ որոնմամբ այս տեսարանի ավելի վաղ կամ բնօրինակ լուսանկար չենք գտել։ «Իրական այլընտրանք»-ը որպես ապացույց նշում է, թե «Նիկոլի հագուստը, սանրվածքը սեպտեմբերի 9-ի հետ ամբողջությամբ համընկնում են»։ Իսկապես, սեպտեմբերի 9-ի երեկոյան Ելիսեյան պալատում Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը Փաշինյանը մուգ կապույտ կոստյումով և կապույտ փողկապով էր։ Մինասյանի հագուստը՝ սև պիջակ, բաց օձիքով սպիտակ վերնաշապիկ և ջինս, նման է նրա էջում 2020-ին հրապարակված «Ստի վերջը 6» տեսանյութում կրած հագուստին։ Ամենայն հավանականությամբ պատկերը ստեղծելիս հենց այս կադրերն են օգտագործվել որպես հիմք, ուստի գրառումներում նշվող հագուստի համընկնումը պատկերի իսկության ապացույց չէ։ Հոկտեմբերի 7-ին Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառմամբ որ լուսանկարը «գեներացվել է արհեստական բանականությամբ», և որ ինքը «երբևէ ֆիզիկապես» չի տեսել Փաշինյանին։ Նա պատկերի ստեղծման մեջ մեղադրել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին։ Այսպիսով՝ Փաշինյանի և Մինասյանի «փարիզյան հանդիպումը» ներկայացնող պատկերը կեղծ է․ OpenAI Verify-ի ստուգման համաձայն՝ այն ստեղծվել կամ մշակվել է OpenAI-ի գործիքներով։ Այդ հանդիպումը հաստատող տեղեկություն որևէ հավաստի աղբյուրում չենք գտել։ Կոնսերվատորիայի դատարկ պատը․ լուսանկարների հեռացման պնդումն ու իրականությունը «Փաստի» հոդվածը Firebird AI-ի մասին․ սխալ թվեր և անանուն փորձագետներ Հայ-ամերիկյան համագործակցությունից մինչև իրանական չվերթներ. փաստերը՝ մանիպուլյատիվ համատեքստում Կեղծ բժիշկներ, իրական դեմքեր․ ԱԲ-ով ստեղծված գովազդները սոցցանցերում Հայկական գյուղմթերքը կհայտնվի՞ ԵՄ բարձրակարգ ռեստորաններում և հյուրանոցներում TRIPP-ի շուտափույթ կառուցումը կարող է մեծացնել Հայաստանի ապաշրջափակման շանսերը Ազգային անվտանգությունն ըստ Ալեն Սիմոնյանի Բաքվի պատանդների ազատմանը խոչընդոտում է մեր կառավարության անգործությունը ԱՄՆ-ն բավարար չափով շահագրգռված չէ՞ բացելու հայ-թուրքական սահմանը Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում Ինչո՞ւ է Ադրբեջանը դեռևս ամրացած մնում Զերմուկի բարձունքներում Նորաձևության շաբաթը՝ հին աստվածների հովանու ներքո
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





