Հասարակություն
Մեկնարկել է Ամուլսարի հանքավայրի շահագործումը
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, պաշտոնապես մեկնարկեց Ամուլսարի հանքի շահագործումը: Արարարողությանը ներկա էին վարչապետը, փոխվարչապետը, էկոնոմիյայի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, դիվանագետներ և այլք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ իշխանություններին հաջողվել է փարատել հանրության և բնապահպանների մտահոգությունները, այդ թվում՝ Սևանա լճի հնարավոր թունավորման ռիսկերի վերաբերյալ, ինչի արդյունքում այսօր նախագիծն իրականացվում է առանց բողոքի ակցիաների: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ցանկացած զարգացած երկրի համար այս որակի հանքարդյունաբերությունը, որը սոցիալապես և բնապահպանական առումով պատասխանատու է, երկրի զարգացման կարևորագույն լոկոմոտիվն է: Վարչապետի այս հայտարարությանն արձագանքել է «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը, նշելով, որ իրենք այսօր են իմացել հանքի շահագործման մասին: «Առանց պաշտոնական հայտարարության կամ, կարելի է ասել՝ «թաքուն», ներկա իշխանությունները գնում են Ամուլսարի հանքի շահագործման պաշտոնական բացմանը։ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հերթական Ջերմուկ այցի ընթացքում ճանապարհին պատահաբար իմացավ, որ այսօր Ամուլսարի հանքի շահագործման պաշտոնական բացումն է»,- ասված է շարժման հայտարարության մեջ։ Անդրադառնալով տնտեսական օգուտներին՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստան է ներկրվել մեծ ծավալի ժամանակակից տեխնիկա, որի շահագործումը ստեղծում է բարձր որակավորում պահանջող և բարձր վարձատրվող նոր աշխատատեղեր: Նա հատկանշական է համարել, որ սա թույլ է տալիս քաղաքացիներին անցում կատարել սևագործ աշխատանքից դեպի տեխնոլոգիական սպասարկում: Բացի այդ, վարչապետը հայտնել է, որ ազդակիր համայնքները ծրագիրն իրականացնող «Լիդիան» ընկերության կողմից կստանան էական սոցիալական աջակցություն: «Այն ընդերքը, որն այսօր մեր աչքի առաջ դարձավ ոսկի, պատկանում է Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդի սեփականությունն է։ Մեզ համար մեծագույն խնդիր է եղել ի ցույց դնել, որ այդ հարստությունը ծառայելու է Հայաստանի զարգացմանն ու բարեկեցությանը»,- ընդգծել է Փաշինյանը։ Նախագծում կառավարության 12,5 տոկոս բաժնեմասը գործադիրի ղեկավարը որակել է որպես ժողովրդի լրացուցիչ մասնաբաժին: Նա հիշեցրել է նաև հարկային օրենսգրքում և ռոյալթիների համակարգում կատարված փոփոխությունները, որոնք փոխկապակցված են մետաղների միջազգային գների հետ և պետական բյուջեի համար ապահովելու են լրացուցիչ եկամուտներ: Ըստ վարչապետի՝ պետական և համայնքային բյուջեներ մուտքագրվող այդ միջոցներն ուղղվելու են ենթակառուցվածքների զարգացմանը, ճանապարհների, դպրոցների կառուցմանն ու անվտանգության ապահովմանը: Փաշինյանը վստահություն է հայտնել, որ հսկայական այս ներդրումային ծրագիրը նոր խթան կհանդիսանա երկրի համախառն ներքին արդյունքի աճի համար՝ հավելելով, որ կառավարության խնդիրն է լինելու այս նախագծի չափանիշները որպես ուղենիշ կիրառել հանքարդյունաբերական մյուս ընկերությունների և ապագա խոշոր ներդրումային ծրագրերի համար: Ապամոնտաժվում է «Հայփոստ»-ի շենքը․ տրվել է «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան»-ի մեկնարկը Ուժի մեջ մտան ԵՄ արտոնությունները. ըստ Մարագոսի՝ դրանք կվերաբերեն հայկական ապրանքների մոտ 80 տոկոսին Փաշինյանի և Մինասյանի «փարիզյան հանդիպման» պատկերը կեղծ է Հաստատված խաղաղությունը կատարյալ չէ, կան լուծում պահանջող հումանիտար խնդիրներ. Փաշինյան Հայկական գյուղմթերքը կհայտնվի՞ ԵՄ բարձրակարգ ռեստորաններում և հյուրանոցներում TRIPP-ի շուտափույթ կառուցումը կարող է մեծացնել Հայաստանի ապաշրջափակման շանսերը Ազգային անվտանգությունն ըստ Ալեն Սիմոնյանի Բաքվի պատանդների ազատմանը խոչընդոտում է մեր կառավարության անգործությունը ԱՄՆ-ն բավարար չափով շահագրգռված չէ՞ բացելու հայ-թուրքական սահմանը Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում Ինչո՞ւ է Ադրբեջանը դեռևս ամրացած մնում Ջերմուկի բարձունքներում Նորաձևության շաբաթը՝ հին աստվածների հովանու ներքո
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





