Հասարակություն
Ամուլսարի ոսկու առաջին ձուլակտորը՝ բնապահպանների չփարատված մտահոգությունների ֆոնին
Տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր ու եկամուտներ 12.5 տոկոս բաժնեմասի դիմաց. Կառավարության հաշվարկներով՝ առաջիկա ավելի քան տասը տարվա ընթացքում պետությունն այսքան ֆինանսական մուտքեր կունենա Ամուլսարի ոսկու հանքի շահագործումից: Մի կողմում փողն է, մյուսում՝ բնապահպանական ռիսկերն ու մտահոգությունները: «Եվ մենք էսօր այստեղ ենք, որովհետև համոզված ենք, որ էդ բոլոր ռիսկերը պարզապես տեղ չունեն», - շաբաթ օրը հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ռիսկերի պահով մենք չենք կարող ասել, որ դրանք վերացված են, չկա այդպիսի փաստաթուղթ, որտեղ դա գրված է, փաստաթուղթ չկա», - «Ազատության» հետ զրույցում հակադարձեց բնապահպան Ինգա Զառաֆյանը: Հանքը շահագործել-չշահագործելու՝ ավելի քան երկու տասնամյակ շարունակվող դիլեման ավարտին հասավ հոկտեմբերի 10-ին, կենսաբազանությանը նվիրված COP17-ից ընդամենը մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկեց ոսկու արտահանումը, վառարանից հանեցին ոսկու առաջին ձուլակտորը: Ծրագրել են ընդհանուր շուրջ 7 հազար տոննա արտահանել: «Այսօր մենք լրումին ենք հասցնում Ամուլսարի էպոպեան երկարամյա և, իհարկե, սա հաջողության պատմություն է», - վստահեցրեց վարչապետը: Փաշինյանը՝ հաջողության պատմություն, բնապահապանները՝ հանդուգն ու անպատասխանատու են որակում այս քայլը: Նրանք տարիներ շարունակ բողոքում են հանքի շահագործման դեմ: Ոմանք հանքի շահագործումը կանխելու համար 2018-ին հանքավայր տանող ճանապարհներն էին փակել՝ խոչընդոտելով շինարարական աշխատանքերը։ Ռիսկերը գնահատելու համար Կառավարությունը միջազգային ուսումնասիրություն պատվիրեց, որն էլ հաստատեց՝ չեն կարող հանքի շահագործումն անվտանգ համարել: Ուսումնասիրություն արած «Էլարդ» ընկերության փորձագետները «Լիդիան»-ի ուսումնասիրություններն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը թերի, ոչ ամբողջական ու անվստահելի էին համարել։ «Լիդան»-ը, մինչդեռ, վստահեցնում է՝ բարձր չափանիշներով պատասխանատու արդյունահանում են իրականացնելու: Կառավարությունը, ի վերջո, որոշեց կանաչ լույս վառել հանքը շահագործելու համար, ընկերությունը բաժնեմասերի 12.5 տոկոսը փոխանցեց պետությանը, բացի այդ՝ Կառավարության երաշխիքով «Լիդիան Արմենիա»-ն 150 միլիոն դոլար վարկ վերցրեց ծրագրի համար: Առանց որևէ նոր փաստաթուղթ հրապարակելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ մտահոգությունները փարատվել են. - «Բնապահպանական ոլորտի հետ առնչվող բոլոր հարցերին տվեցինք պատասխան: Ես հիշում եմ տասնյակ խորհրդակցություններ իմ մասնակցությամբ՝ ամենատարբեր ահազանգեր ստուգելու համար»: Բնապահպանները, մինչդեռ, ահազանգում են՝ հանքի շահագործումը լուրջ ռիսկեր ունի, որոնք ընդհուպ Սևանա լճի համար են սպառնալիք: Ավելի քան վեց տասնյակ հասարակական կազմակերպություններ ու քաղաքացիներ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով հանքի շահագործման մեկնարկը: Բնապահպանները պնդում են՝ պատասխանատուներն այս տարիների ընթացքում իրենց բարձրացրած խնդիրների վերաբերյալ որևէ հիմնավոր հակափաստարկ չեն ներկայացրել: Նրանք հիշեցնում են՝ Վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին եվրոպական կոնվենցիայի մշտական կոմիտեն Հայաստանի կառավարություն պահանջել է շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում իրականացնել, ինչն այդպես էլ չի արվել: Մասնագետներն ընդգծում են՝ 2019-ին հրապարակված հետազոտությամբ «Էլարդ»-ը ներկայիս ՇՄԱԳ փաստաթղթերում տասնյակ բացթողումներ ու անճշտություններ է մատնանշել: Հանքի շահագործումը սպառնում է Որոտան և Արփա գետերին, ահազանգում են մասնագետները: Մինչ վարչապետ Փաշինյանն հավաստիացումներ է տալիս, բնապահպան Ինգա Զառաֆյանը թվարկում է ռիսկերը. - «Կարող է լինել ցիանային արտահոսք, կարող է լինել ինչ-որ վթար, և այլն, և այլն, իսկ մենք ունենք էնտեղ մեր ամենամաքուր գետերի ջրավազանը՝ Արփա և Որոտան: Ուրիշ, դուք գիտեք, որ բոլոր գետերը մեր մոտ աղտոտված են՝ նույն հանքարդյունբերական գործընթացների պատճառով, բայց էս գետերը բավականին մաքուր են, և նրանք հիմա գտնվում են ռիսկի տակ: Ռիսկի տակ գտնվում է «Ջերմուկ» հանքային ջուրը»: Հայտարարությանը միացած հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիները պահանջում են անհապաղ դադարեցնել հանքի շահագործումը:
Աղբյուր՝ Ազատություն — Հասարակություն





