Միջազգային
Իրանը պնդում է՝ չնայած ամերիկյան շրջափակմանը՝ 5 մլն տոննա նավթամթերք է արտահանել
Իրանը հայտարարել է, որ չնայած ամերիկյան զինուժի կողմից իրանական նավահանգիստների շրջափակմանը, տարվա առաջին կեսին ավելի քան հինգ միլիոն տոննա նավթամթերք է արտահանվել: Հորմոզգանի նավահանգստային և ծովային կազմակերպությունը հայտնել է, որ նավթամթերքն արտահանվել է Իրանի ամենամեծ առևտրային նավահանգստի՝ Շահիդ Ռաջայի նավահանգստից։ «Չնայած անարդար պատերազմին և տնտեսական սահմանափակումների սրմանը … այս նավահանգստից արտահանվել է 5,140,000 տոննա նավթամթերք»,- իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը մեջբերել է Իրանի նավթի և գազի նախարարության գլխավոր տնօրեն Հոսեյն Աբբասնեջադի խոսքերը: Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերն իրանական նավահանգիստների նկատմամբ շրջափակում սահմանեցին ապրիլին այն բանից հետո, երբ պատերազմը դադարեցնելու շուրջ Պակիստանում ընթացող բանակցությունների արդյունքում կողմերը չկարողացան համաձայնության գալ: Անցյալ շաբաթ Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ կիրառեց Իրանի նկատմամբ: Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ դրանք թիրախավորում են անհատների, ցանցերի և 17 նավերի, որոնք տեղափոխում են իրանական հում նավթ, նավթամթերք և նավթաքիմիական արտադրանք։ Այս ֆոնին նավթի գինը երեքշաբթի շարունակել է անկումը։ Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 1.30 դոլարով կամ 1.2 տոկոսով՝ հասնելով 105.35 դոլարի մեկ բարելի համար, մինչդեռ ԱՄՆ West Texas Intermediate (WTI) նավթը նվազել է 1.25 դոլարով կամ 1.3 տոկոսով՝ հասնելով 92.49 դոլարի։ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կտրուկ իջեցրել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի 2026 թվականի աճի կանխատեսումը. ԱՄՀ-ն հիմա կանխատեսում է 0.3 տոկոս անկում՝ վեց ամիս առաջ կանխատեսված 1.9 տոկոս աճի համեմատ։ ԱՄՀ-ն որպես պատճառ նշել է Հորմուզի նեղուցի երկարատև փակումը և նավթի արդյունահանման, նավագնացության և արտահանման խափանումները, որոնք առաջացել են Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի պատճառով։
Աղբյուր՝ Ազատություն — Միջազգային





