Միջազգային
Մոսկվան տեսել է խաղաղության նոր ծրագրի մասին հրապարակումը, բայց տեղյակ չէ դրանից. Պեսկով
Մոսկվան տեղյակ է, որը ԱՄՆ-ն և Եվրոպան Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիր են պատարստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը: РБК-ի հետ զրույցում Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել ամերիկյան The Washington Post-ի հրապարակումը, որ ԱՄՆ-ն և եվրոպական երկրներն այս պահին քննարկում են խաղաղության ծրագիրը, որը բաղկացած է չորս հիմնական բաղադրիչներից: Հարցին, թե արդյոք Կրեմլը լսել է դրա մասին, Պեսկովը պատասխանել է. «Ոչ, չենք լսել: Մենք տեսել ենք լրատվամիջոցների հրապարակումները, բայց ոչինչ չենք լսել»: Washington Post-ը գրել էր, որ խաղաղության ամերիկա-եվրոպական ծրագիրը ներառում է երկրի վերակառուցում, հակամարտության կարգավորումից հետո Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրում, Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցություն և հրադադար առաջնագծում: Առաջին կետը նախատեսում է Ուկրաինայի վերակառուցում Համաշխարհային բանկի և BlackRock ներդրումային ընկերության մասնակցությամբ: Երկրորդը նախատեսում է Կիևի համար անվտանգության երաշխիքներ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից, որոնք համեմատելի են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի հետ (անդամներից մեկի վրա հարձակումը դիտվում է հարձակում բոլորի վրա և ենթադրում է դաշինքի արձագանքը – խմբ.): Երրորդ կետը վերաբերում է Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի միջև տնտեսական համագործակցությանը։ Մասնավորապես, այն անդրադառնում է Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումների վերսկսմանը Եվրոպա, իսկ շահույթը պետք է կիսվի Մոսկվայի և Կիևի միջև, պատժամիջոցներն աստիճանաբար պետք է վերացվեն։ Չորրորդ կետը ենթադրում է հրադադար գոյություն ունեցող առաջնագծի երկայնքով, իսկ Ռուսաստանը պահպանում է վերահսկողությունը արդեն գրաված տարածքների նկատմամբ։ The Washington Post-ը գրել էր, որ Վաշինգտոնը ձգտում է նաև դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից նավթավերամշակման գործարանների վրա փոխադարձ հարվածները: Թերթի տվյալներով՝ սա համարվում է բանակցությունները շարունակելու պայման։ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով էներգետիկ հնարավոր հրադադարին, ասել է, որ այս ուղղությամբ շփումները շարունակվում են։ Վլադիմիր Պուտինի խոսնակը, սակայն, նա չի մանրամասնել, թե արդյոք Ռուսաստանը համաձայնել է նման առաջարկի, ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր գրել սոցցանցում, և առաջարկել է պարզաբանումներ խնդրել ամերիկացի առաջնորդից։
Աղբյուր՝ Ազատություն — Միջազգային





