Հասարակություն
Սերտիֆիկատի արժեքը չի բարձրանա. նախարարը խորհուրդ է տալիս արցախցիներին Երևանից դուրս տուն փնտրել
Տեղահանված արցախցիներին տրամադրվող բնակարանային սերտիֆիկատի գումարի բարձրացում չի նախատեսվում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը: «2027 թվականի բյուջեն ծրագրավորված է այնպես, որ սպասարկի արդեն տրված սերտիֆիկատները և նոր տրվող սերտիֆիկատները: Մենք մեր գործընկերներից առաջարկներ ենք ստացել ծրագրում շտկումներ անելու համար, դրանք կդիտարկենք, բայց գումարի բարձրացման որոշում չկա այս պահին», - ասաց նախարարը: Թորոսյանը դժվարացավ ասել, թե մինչև այժմ ընդհանուր որքան գումար է տրամադրվել: Նշեց միայն, որ երեկվա դրությամբ տեղահանված արցախցիները 8643 սերտիֆիկատ են ստացել, բայց իրացվել է 4991-ը: Ծրագիրը նախատեսված է 20 հազար ընտանիքի համար: Կառավարության որոշմամբ՝ մեկ անձի համար սերտիֆիկատի արժեքը 3, 4 կամ 5 միլիոն դրամ է՝ կախված նրանից, թե որտեղ է ձեռք բերվող գույքը: 5 միլիոն դրամը տրամադրվում է սահմանամերձ մարզերում: Հինգ հոգանոց ընտանիքն, օրինակ, կարող է 25 միլիոն դրամ ստանալ, եթե գույք ձեռք բերի սահմանամերձ համայնքում: Արձագանքելով դժգոհություններին, որ անշարժ գույքը Հայաստանում շեշտակի թանկացել է և տրամադրվող գումարով հնարավոր չէ տուն գնել, նախարարը հորդորեց մարզերում փնտրել կացարանը: «Մենք չենք կարող բոլորին, և խոսքը միայն մեր ղարաբաղցի հայրենակիցների մասին չէ, մեր մասին էլ է, ամբողջ Հայաստանը բերել և Երևանում կամ երևանամերձ համայնքներում տեղավորել», - ասաց Թորոսյանը՝ հավելելով. - «Բնակարանները թանկացել են բոլոր քաղաքացիների համար, այո՛, ցավոք սրտի, կամ բարեբախտաբար, որովհետև դա նաև խոսում է Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվության մասին, և մենք նաև բազմիցս հրապարակային ասում ենք, որ նաև այսպիսի ծրագրերն են խթանում, որպեսզի բնակարանները թանկանան, որովհետև մենք հավելյալ պահանջարկ ենք ձևավորում»: Պաշտոնական վերջին տվյալներով՝ մեկ տարում Հայաստանում անշարժ գույքը թանկացել է միջինը 20 տոկոսով, Երևանում՝ ավելի շատ: Նախարարն այսօր այս հարցերին պատասխանում էր խորհրդարանում՝ տեղահանվածների խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկումից հետո, որը նախաձեռնել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Քննարկմանը հրավիրված չէր ընդդիմությունը, որի նախաձեռնած նախորդ քննարկումն, ըստ էության, տապալվեց, երբ ՔՊ պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները լքեցին դահլիճը: Իսկ պատճառն այն էր, որ քննարկման ընթացքում հիշատակվեցին Լեռնային Ղարաբաղի պետական մարմինները, օրինակ, խորհրդարանական խմբակցությունների անունները: Հայաստանի իշխանությունները Արցախի լուծարումից հետո նախկին որևէ պետական միավոր չեն ճանաչում:
Աղբյուր՝ Ազատություն — Հասարակություն





