Եվրամիության պատժամիջոցները կարող են խոչընդոտել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային վառելիքի մատակարարման գործարքի իրականացմանը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Այն, որ դա կարող է խոչընդոտել գործարքի իրականացմանը, անկասկած է: Եվրոպական ցինիզմի թեման, ինչպես դա ձևակերպել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, լայնորեն քննարկվում է համաշխարհային լրատվամիջոցներում։ Բանն այն է, որ եվրոպական երկրները, ինչպես և աշխարհի մյուս բոլոր երկրները, ռուսական նավթի և նավթամթերքի ակտիվ գնորդներ են»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պեսկովն այսպես է պատասխանել հարցին՝ արդյո՞ք Մոսկվան ռիսկեր է տեսնում, որ Եվրոպան նոր պատժամիջոցներ սահմանելով կամ այլ միջոցներով կխոչընդոտի ռուս-ամերիկյան գործարքի իրականացմանը։ Ավելի վաղ Politico-ն, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ եվրոպացի առաջնորդները պատրաստվում են հոկտեմբերի 15-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում պահանջել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ի պատասխան Պուտինի և Թրամփի միջև ԱՄՆ դիզելային վառելիք մատակարարելու վերաբերյալ ձեռք բերված գործարքի։ Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև դիզելային վառելիքի գործարքի և ուկրաինական ճգնաժամի հարցում Ռուսաստանի դիրքորոշման միջև ուղղակի կապ չկա։ «Ես այստեղ որևէ ուղղակի կապ չեմ տեսնում։ Սա ռուս-ամերիկյան համագործակցության փոխշահավետ ուղղություն է, որը համապատասխանում է ԱՄՆ-ի, համաշխարհային էներգետիկ շուկաների և Ռուսաստանի շահերին։ Հենց այդ պատճառով էլ դա տեղի է ունենում»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ Այսպես նա մեկնաբանել է հաղորդումները, որ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներն ուկրաինացի բանագնացների հետ վերջերս կայացած բանակցությունների ընթացքում հույս են հայտնել, որ Ռուսաստանից դիզելային վառելիքի՝ երկիր և համաշխարհային շուկա մատակարարումների արգելքը վերացնելու ԱՄՆ որոշումը Մոսկվայի դիրքորոշումն Ուկրաինայի շուրջ բանակցություններում կդարձնի ավելի ընդունելի, իսկ Ռուսաստանին՝ ավելի զիջող։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Նմանատիպ նյութեր Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին