Հասարակություն
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղային հատվածների վերակառուցման նախագծերը, ինչպես նաև հայկական երկաթուղիների կառավարման արդյունավետությունն ու առկա խնդիրները։ Կողմերը պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ խնդիրների հնարավոր լուծումները սեղմ ժամկետում քննարկելու և հետագա քայլերը հստակեցնելու համար։ Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հաշվի առնելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները՝ ՀՀ Կառավարության նպատակն է Հայաստանի երկաթուղիները դարձնել մրցակցային, ինտեգրել հարևան պետությունների և միջազգային երկաթուղային ցանցին։ Այս առումով, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային գործընթացների համատեքստում ստեղծվող հնարավորություններն ու Հայաստանի երկաթուղիների մրցակցային, ինչպես նաև միջազգային տրանսպորտային ուղիներին ինտեգրված դարձնելուն ուղղված քայլերը։ Մտքեր են փոխանակվել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի ու դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ։ Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ձևակերպված խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով»։ Հիշեցնենք՝ Հայաստանի երկաթուղային համակարգը 2008 թվականից կոնցեսիոն պայմանագրով կառավարվում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից։ Պայմանագիրը կնքվել է 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ 2026 թվականի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական երկաթուղու ռուսական կառավարումը կարող է խոչընդոտել երկրի ներգրավմանը միջազգային տրանսպորտային նախագծերում։ Որպես հնարավոր լուծում՝ նա առաջարկել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկիրը գնի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը։ Հուլիսի 2-ին Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը սկսել է Գյումրի-Ախուրիկ և Երասխի երկաթուղային հատվածների վերականգնմանն ուղղված գործընթացները։ Երկաթուղու կառավարման համակարգը վերանայվելու է․ Ռուսաստանի մեր գործընկերներին խնդրում եմ հնարավորինս արագ հասնել այս խնդրի բարեկամական լուծմանը․Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ավելի ուշ՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում վարչապետը կրկին անդրադարձել էր հայկական երկաթուղու ռուսական կառավարման խնդրին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով միջազգային ներդրողները և բեռնափոխադրողները խուսափում են ռուսական կառավարման ներքո գտնվող ենթակառուցվածքներից։ Փաշինյանը հայտարարել էր, որ նման իրավիճակում Հայաստանը կարող է կորցնել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումից ստացվող տնտեսական հնարավորությունները։ Նա կրկին դիմել էր ռուսական կողմին՝ առաջարկելով կոնցեսիոն կառավարման իրավունքը փոխանցել երկու երկրների համար ընդունելի երրորդ երկրի։ Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան «Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





