Միջազգային
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ «պետական տեղեկատվական ենթակառուցվածքների» դեմ «ինտենսիվ կիբերհարձակումներ» են իրականացվել։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է իրանամետ հաքերային խմբավորում, մինչդեռ Ադրբեջանը մեղադրել է «օտարերկրյա հաքերային խմբավորմանը»։ Այս մասին ասվում է OC Media-ի անդրադարձում։ Ադրբեջանի Հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայությունը հայտնել է, որ հարձակումներն արձանագրվել են «2026 թվականի հոկտեմբերի 13-ին՝ մոտավորապես ժամը 22:00-ից սկսած»։ Նշվում է, որ հարձակումը կատարվել է օտարերկրյա հաքերային խմբի կողմից՝ թիրախավորելով Ադրբեջանի պետական տեղեկատվական ենթակառուցվածքի ավելի քան 100 պետական դոմեն։ Ադրբեջանը չի հստակեցրել, թե որ երկիրն է պատասխանատու համարում հարձակման համար։ Սակայն Իրանի օգտին գործող «313 Team» հաքերային խումբը, որը, ենթադրաբար, գործում է Իրաքից, ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Տելեգրամում տարածած հայտարարության մեջ խումբը նշել է, որ «իրականացրել է լայնածավալ և բարդ կիբերհարձակում՝ թիրախավորելով Ադրբեջանի կառավարական թվային ենթակառուցվածքին պատկանող 47 առանցքային IP-տիրույթներ»։ Որպես դրդապատճառ՝ խումբը մատնանշել է դպրոցներում հիջաբ կրելու վերաբերյալ Ադրբեջանի սահմանած արգելքը և հայտնել, որ հարձակումը կտևի 24 ժամ։ «Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստացել Ադրբեջանի կառավարության դեմ՝ կապված դպրոցներում և բուհերում ուսանողուհիների կողմից հիջաբ կրելու արգելքի հետ։ Հաշվի առնելով Ադրբեջանում շիա համայնքի զգալի թվաքանակը՝ մենք վճռական գործողություններ կձեռնարկենք պետության դեմ. մենք ամբողջությամբ կոչնչացնենք դրա կառավարական թվային ենթակառուցվածքը»,- ասվում է հայտարարությունում։ «313 Team»-ը նշել է, որ կիբերհարձակման հզորությունը գերազանցել է «վայրկյանում 2,5 տերաբիթը» և «հանգեցրել ադրբեջանական կառավարական բոլոր կայքերի, այդ թվում՝ պետական պաշտոնական պորտալի, ինչպես նաև Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունների կայքերի լիակատար կաթվածահարմանը»։ Նրանց պնդմամբ՝ 1825 կառավարական կայք դադարել է գործել։ Ադրբեջանի իշխանությունները հայտնել են, որ տուժել է 100 դոմեն։ Թեև ադրբեջանական գործակալությունը հայտարարել է, որ «կիբերհարձակման հետևանքները սահմանափակ են եղել, և ապահովվել է կայքերի անխափան աշխատանքը», OC Media-ի լրագրողները նյութը պատրաստելու պահին չեն կարողացել մուտք գործել Ադրբեջանի կառավարության բազմաթիվ կայքեր։ Դրանց թվում են եղել Պաշտպանության նախարարության, Գիտության և կրթության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության և Առողջապահության նախարարության կայքերը։ Այլ կայքեր, օրինակ՝ Պետական անվտանգության ծառայության կայքը, կարծես աշխատել են, սակայն ավելի դանդաղ։ Կիբերհարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 12-ին Ադրբեջանում արգելափակվել էին մի շարք սոցիալական ցանցեր, այդ թվում՝ Instagram-ը և TikTok-ը։ Երկրում աճում են բողոքի ցույցերը՝ կապված հանրակրթական դպրոցներում աշակերտների և ուսուցիչների կողմից հիջաբ կրելու արգելքի հետ։ Այսօր առավոտվա դրությամբ՝ սոցիալական ցանցերի արգելափակումը, ըստ երևույթին, վերացվել է․ Բաքվում սոցցանցերի օգտատերերը հայտնում են, որ այլևս VPN օգտագործելու անհրաժեշտություն չունեն։ Այս կիբերհարձակումը տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման ֆոնին՝ այն բանից հետո, երբ Բաքուն դպրոցներում աշակերտների և ուսուցիչների համար հիջաբ կրելու արգելք է սահմանել։ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները պատմականորեն աչքի են ընկնում լուրջ տարաձայնություններով։ Սակայն Իրանում բնակվող էթնիկ ադրբեջանցիների թիվն ավելի մեծ է, քան Ադրբեջանի ամբողջ բնակչությունը։ Այդ պատճառով Թեհրանը մշտապես զգուշավոր քաղաքականություն է վարել՝ հաշվի առնելով, որ սխալ քայլերը կարող են օտարել երկրի ամենամեծ էթնիկ փոքրամասնությանը։ Բաքուն, իր հերթին, ուշադիր հետևել է Թեհրանի՝ ադրբեջանցիների նկատմամբ վարած քաղաքականությանը, հատկապես՝ երկու երկրների միջև քաղաքական լարվածության ժամանակաշրջաններում։ Սակայն հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ընթացքում հարաբերությունները, կարծես, կտրուկ վատթարացել են։ Ադրբեջանի իշխանությունները մեղադրել են իրանական լրատվամիջոցներին և գործիչներին՝ իրավիճակը սրելու մեջ։ Չորեքշաբթի Ադրբեջանի Մեդիայի խորհուրդը հայտարարել է, որ Իրանի Saher հեռուստաալիքը միտումնավոր ապատեղեկատվություն է տարածում բողոքի ցույցերի վերաբերյալ։ Ըստ խորհրդի՝ պետական հեռուստաալիքը Թուրքիայում տեղի ունեցած միջոցառման կադրերը ներկայացրել է որպես «Ադրբեջանում հիջաբ կրող անձանց աջակցությամբ կազմակերպված բողոքի ցույց»։ Խորհուրդը նաև պնդել է, որ մի շարք օտարերկրյա պետությունների «հասարակական, քաղաքական գործիչները և նույնիսկ պաշտոնյաներն» «ակտիվորեն մասնակցում են Ադրբեջանի դեմ ուղղված տեղեկատվական արշավներին»։ Խորհուրդը, մասնավորապես, նշել է, որ Իրանից և Թուրքիայից հարձակումներն «ուժեղացել են»։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Ադրբեջանի մի շարք պետական կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել Նմանատիպ նյութեր Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





