Հայաստանի կառավարությունն առաջարկում է Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք սահմանել։ Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ այդ գործառույթները կհամատեղի ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդը։ Նախագծի համաձայն՝ նախատեսվում է, որ ռազմական կցորդն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2027 թվականի հունվարի 1-ից՝ Կանադայի արտաքին գործերի նախարարության ծանուցման, հավատարմագրման ընթացակարգի և անհրաժեշտ համաձայնության ստացման դեպքում։ Պաշտպանության նախարարությունը հիմնավորել է նախաձեռնությունը՝ նշելով, որ Հայաստանի և Կանադայի միջև առկա են զարգացող քաղաքական երկխոսություն և համագործակցության ընդլայնման հնարավորություններ։ Ռազմական կցորդի նշանակումը, ըստ գերատեսչության, կնպաստի երկու երկրների պաշտպանական և ռազմատեխնիկական համագործակցության խորացմանը։ Հիմնավորման համաձայն՝ համագործակցության հնարավոր ուղղություններից են հրահանգիչների պատրաստությունը, միջազգային խաղաղապահ առաքելություններին համատեղ մասնակցությունը, կին զինծառայողների իրավունքների պաշտպանությունը, զինված ուժերում քաղաքացիական վերահսկողությունը, ինչպես նաև ներքին աուդիտի և հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրման փորձի փոխանակումը։ Հետագայում նախատեսվում է համագործակցությունը զարգացնել նաև ռազմական կրթության, սերժանտական կազմի պատրաստության, անձնակազմի մարտական պատրաստության, ռազմական բժշկության և ռազմաքաղաքական խորհրդակցությունների ուղղություններով։ Ռազմական կցորդը պետք է կապեր հաստատի երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև, հետևի համագործակցության ծրագրերի իրականացմանը և աջակցի պատվիրակությունների այցերի կազմակերպմանը։ Նա նաև կապահովի հայկական կողմի պաշտոնական ներկայացվածությունը Կանադայում անցկացվող զորահանդեսներին, զորավարժություններին և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին։ Պաշտպանության նախարարությունը նշում է, որ Կանադայի հետ համագործակցության խորացումը կարևոր է նաև ՆԱՏՕ-ի շրջանակում Հայաստանի գործընկերության զարգացման տեսանկյունից։ Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև