Հասարակություն
Վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել «Հարավկովկասյան երկաթուղու» հարցով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով։ Հաստատվել է աշխատանքային խմբի կազմը։ Որոշումը կայացվել է հոկտեմբերի 14-ին Հայաստանի վարչապետի և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի միջև կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա։ Ստեղծված աշխատանքային խմբի առջև խնդիր է դրված եռամսյա ժամկետում գտնել առկա խնդիրների լուծման հնարավորությունները և հստակեցնել հետագա քայլերը։ Աշխատանքային խումբը կգլխավորի ՏԿԵ փոխնախարար Դավիթ Իվանյանը։ Հայկական կողմից աշխատանքային խմբում են նաև ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Ֆինանսների փոխնախարար Էդգար Մկրտչյանը, ՏԿԵՆ երկաթուղային և ջրային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Արտակ Պապյանը, ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Շիլոն (համաձայնությամբ), «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վլաչեսլավ Պավլովսկին, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ արտասահմանյան նախագծերի և միջազգային համագործակցության դեպարտամենտի պետ Անտոն Կոզլովը (համաձայնությամբ), «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկոը (համաձայնությամբ): Վարչապետը հոկտեմբերի 15-ին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված աշխատանքային խումբը պետք է պատասխանի՝ արդյոք ռուսական կողմը պատրաստ է ներդրումներ անել Հայաստանի երկաթուղու վրա։ Հոկտեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ հանդիպմանը քննարկել է Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերը։ Կողմերը պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել։ Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի արձագանքը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո գտնվող Երասխից Նախիջևանի սահման և Գյումրիից Թուրքիայի սահման երկաթուղային երկու հատվածների վերականգնման վերաբերյալ առաջարկին։ Նա նշել էր, որ համապատասխան որոշումները Ռուսաստանի նախագահի մակարդակով ընդունվել են դեռևս հունվարին, և այժմ մոսկովյան կողմը սպասում է հայկական կողմի արձագանքին՝ հավելելով, որ առաջիկայում նախատեսվում են կարևոր հանդիպումներ, որոնք առաջ կմղեն այս հարցը։ 2025-ի դեկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ռուսական կողմին՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Ախուրիկից մինչև Թուրքիայի սահման ընկած երկաթուղային հատվածների հնարավորինս շուտափույթ վերականգնման խնդրանքով։ Ավելի ուշ Փաշինյանը հայտարարել էր, որ վերականգնման հետ կապված դժվարությունների դեպքում Հայաստանը պատրաստ է ռուսական կոնցեսիայից հետ վերցնել դեպի Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթգծի հատվածները։ 2026-ի հուլիսին վարչապետը չէր բացառել նաև միջազգային արբիտրաժ դիմելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և երկիրը պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել ըստ նպատակահարմարության։ Անդրադառնալով այդ հայտարարություններին՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը հայտնել էր, որ ընկերությունը մտադիր է լիարժեքորեն կատարել կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները, սակայն պայմանների փոփոխության կամ պայմանագրի դադարեցման դեպքում իրավունք ունի ակնկալելու իրականացված ներդրումների վերադարձ։ Ըստ Բելոզյորովի՝ 2008-ից 2025-ին ընկերության միջոցներից և «Հարավկովկասյան երկաթուղու» եկամուտներից կատարված ներդրումները կազմել են շուրջ 396 մլն դոլար, որոնցից շահաբաժիններ չեն վճարվել, և ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը։ Վարչապետն ընդունել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար ին Բոլոր այն տեղերում, որտեղ կա ապօրինի շինություն, գնալու ենք և քանդենք. Փաշինյան Ձևավորված աշխատանքային խումբը պետք է պատասխանի՝ ՌԴ-ն պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու վրա․ վարչապետ Փաշինյանը պարզաբանել է անկլավ-էքսկլավների վերաբերյալ քաղաքական լուծման ընդհանուր գաղափարը Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ ԵՄ արտոնություններն ու հայ արտահանողների խնդիրները Պետությունը գիտությանը չի պատվիրում լուծել իր խնդիրները Եկեղեցին այս ամենը համարում է հարկային արշավ Հայտարարագրման ինստիտուտը կարող է մտնել եկեղեցի՞. հատված Թագուհի Ղազարյանի հետ զրույցից Գինեցանկ | Բնական սաթե գինիներ՝ «Սենտիմենտալ» Երևանն ու Մոսկվան երկաթուղու հարցով աշխատանքային խումբ են ստեղծում Բնության օրենքները բերել թվային տեսքի
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





