Հասարակություն
Հիջաբի արգելքի դեմ դպրոցը բոյկոտող երեխաների համար դասեր կազմակերպած ադրբեջանցի ակտիվիստը, ըստ հաղորդումների, անհետացել է
Լուսանկարը՝ անձնական արխիվից Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։ Բաքվում բնակվող ակտիվիստ և արվեստագետ Իլքին Հուսեյնովի հետ երեկվանից կապ հաստատել չի հաջողվում։ Նա անհետացել է «Թող Լեյլին դպրոց գնա» նախաձեռնությունը ստեղծելուց կարճ ժամանակ անց։ Դրա նպատակն էր դասեր կազմակերպել հիջաբի արգելքի դեմ բողոքի շրջանակում դպրոցը բոյկոտող երեխաների համար։ Դեռ պարզ չէ՝ որևէ աշակերտ հասցրել է օգտվել նախաձեռնության առաջարկած դասերից։ Հոկտեմբերի 15-ի առավոտյան նախաձեռնության կայքն ու Instagram-ի էջը հասանելի չէին։ Մեկ այլ ակտիվիստ՝ Ջավիդ Աղան, X-ում գրել է, որ մոտ ժամը 16:00-ին անհայտ անձինք եկել են Հուսեյնովի՝ Իզզաթ Նաբիևի փողոցում գտնվող տուն, և ակտիվիստը նրանց հետ դուրս է եկել տնից։ Այդ ժամանակից նրա հեռախոսն անջատված է, իսկ գտնվելու վայրը՝ անհայտ։ Աղան նաև նշել է, որ ծանուցում է ստացել, ըստ որի՝ Հուսեյնովի Facebook Messenger հաշվին նոր սարք է ավելացվել։ «Ես նրան հաղորդագրություն էի ուղարկել Facebook Messenger-ով, և քիչ առաջ տեսա ծանուցումը՝ «Huseynov Ilkin-ը նոր սարք է ավելացրել այս զրույցին»։ Կարծես նրա հաշիվը հասանելի է դարձել ուրիշների համար։ Մենք անհանգստացած ենք Իլքինի համար»,- գրել է նա։ Առայժմ պաշտոնական տեղեկություն չկա, որը կհաստատի, որ ակտիվիստը ձերբակալվել է։ Աղայի խոսքով՝ Հուսեյնովը կապված է «Թող Լեյլին դպրոց գնա» նախաձեռնության հետ, որը, ըստ ամենայնի, ստեղծվել է այս շաբաթ՝ դպրոցներում հիջաբ կրելու վերջին սահմանափակումներից հետո։ Նախաձեռնության նպատակն էր հարթակ ստեղծել, որտեղ ուսուցիչները կարող էին դասեր անցկացնել հիջաբի արգելքի հետևանքով դպրոց չհաճախող աշակերտների համար՝ օգնելով, որ նրանք կրթությունից դուրս չմնան։ Նախաձեռնությունը կարճ ժամանակ գործարկել էր նաև Instagram-ի էջ՝ «qoymektebegetsin» օգտանունով, որն այժմ, ըստ ամենայնի, ջնջված է։ «Ես կասկածում եմ, որ նրան ձերբակալել են, և կարծում եմ՝ պատճառը հենց սա է»,- ասել է Ջավիդ Աղան։ Այս պահին դեռ պարզ չէ՝ Հուսեյնովին կալանավորե՞լ են իրավապահները։ Նրա գտնվելու վայրի կամ այն անձանց ինքնության մասին, որոնք եկել են նրա տուն, պաշտոնական տեղեկություն չկա։ Միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանում դպրոցներում հիջաբի արգելքի դեմ շարունակվող բողոքների ֆոնին։ Իլքին Հուսեյնովը ադրբեջանցի արվեստագետ, լուսանկարիչ, երաժիշտ և մշակութային ակտիվիստ է, որը հայտնի է Բաքվում անկախ արվեստի և կինոյի զարգացման գործում իր ներդրմամբ։ Նրա աշխատանքները կենտրոնանում են քաղաքային կյանքի, հիշողության, սոցիալական խնդիրների, բնապահպանական հարցերի և վիզուալ մշակույթի վրա։ Նրա ամենահայտնի նախագծերից մեկը Salaam Cinema Baku-ն է՝ Բաքվում ստեղծված անկախ կինոյի և արվեստի տարածքը, որը նաև կապվել է քաղաքի պատմական ճարտարապետական ժառանգության պահպանության հետ։ 2019-ին մտահոգություններ էին առաջացել, որ պատմական շենքը, որտեղ գործում էր Salaam Cinema-ն, կարող է քանդվել։ Հուսեյնովն ու համայնքի մյուս անդամները հանդես էին եկել շենքի պահպանման օգտին։ Տե՛ս նաև՝ Հիջաբի արգելքի բողոքի ֆոնին Ադրբեջանում, ըստ հաղորդումների, սահմանափակվել է սոցցանցերի հասանելիությունը Էրդողանի գլխավոր խորհրդականը պնդում է, որ որոշ ուժեր փորձում են «ստվեր գցել» Թուրքիա-Ադրբեջան դաշինքի վրա Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական խումբը քննադատում է թուրք պաշտոնյաներին հիջաբի արգելքի վերաբերյալ պնդումների պատճառով Ադրբեջանի բարձրագույն հոգևորականը պնդում է, որ դպրոցներում հիջաբի արգելք չկա Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ այն կապելով հիջաբի արգելքի հետ Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ ԵՄ արտոնություններն ու հայ արտահանողների խնդիրները Պետությունը գիտությանը չի պատվիրում լուծել իր խնդիրները Եկեղեցին այս ամենը համարում է հարկային արշավ Հայտարարագրման ինստիտուտը կարող է մտնել եկեղեցի՞. հատված Թագուհի Ղազարյանի հետ զրույցից Գինեցանկ | Բնական սաթե գինիներ՝ «Սենտիմենտալ» Երևանն ու Մոսկվան երկաթուղու հարցով աշխատանքային խումբ են ստեղծում Բնության օրենքները բերել թվային տեսքի
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





