Հասարակություն
Քննարկում ենք, որ «Քյարքին» վերջնականորեն վերածվի Տիգրանաշենի, Արծվաշենն էլ մնա Ադրբեջանին․ Սիմոնյան
Քննարկում ենք, որ «Քյարքին» վերջնականորեն վերածվի Տիգրանաշենի, Արծվաշենն էլ մնա Ադրբեջանին։ Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 16-ին COP17-ի շրջանակում ճեպազրույցի ժամանակ։ «Ասել եմ, որ դա քննարկում ենք, որ փոխանակենք: Բա էդ է փոխանակումը, որ Քյարքին վերջնականապես վերածվի պայմանականորեն Տիգրանաշենին, Արծվաշենն էլ մնա իրենց: Դա քննարկվում է, և դա հնարավոր է, կրկնում եմ, բայց հավասարության բերելով այն քառակուսի կիլոմետրերը, որոնք համապատասխան են, որովհետև, որքանով ես գիտեմ, այն երեք անկլավը և Արծվաշենը փոքր շեղում ունեն. Արծվաշենը մի քիչ ավելի փոքր է, քան երեքն իրար հետ վերցրած»,- նշել է Ալեն Սիմոնյանը: ԱԽ քարտուղարը նշել է, որ քննարկում կա՝ գոյություն ունեցող ստատուս-քվոն հաշվի առնելով և Հայաստանի 29,743 քառակուսի կիլոմետր տարածքը պահպանելով անկլավների և էքսկլավների փոխանակումը լինի։ «Սա ձեզ պետք է հուշի, որ ընկալում և համագործակցություն կա, սահմանազատման շարունակության, խաղաղության գործընթացի ընկալում երկկողմանի կա: Հայաստանից ոչ մի տարածք չի տրվել ու չի տրվելու»,- ասել է ԱԽ քարտուղարը: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին շրջանի հռետորաբանությանը՝ Սիմոնյանը մեկնաբանել է, որ 30 տարվա պատերազմից հետո ադրբեջանական կողմն ունի իր հասարակությանն ասելիք, սակայն երկկողմ հարաբերություններում լարվածություն չկա: «30 տարի, որը իրենք անվանում են օկուպացիա, բնական է, որ չէր կարող դրական էպիտետներով խոսել: Եկեք ընդունենք, որ այդ հռետորաբանությունը փոխվել է: Ես հնարավորություն եմ ունեցել նաև նախագահ Ալիևին դա ասել, խնդրել եմ, ասել եմ. «Դուք պետք է իմանաք, պարոն նախագահ, որ ձեր հայտարարությունները Հայաստանի Հանրապետությունում շատ զգայուն են ընդունվում, և երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, կարևոր դերակատարում ունեք նաև դուք, և ձեր հռետորաբանությունը Հայաստանում շատ լսելի է»: Ինքը լսեց ուղղակի, ասաց՝ լավ, բարի»,- պատմել է Ալեն Սիմոնյանը: Նա նաև տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեյովի կամ Հիքմեթ Հաջիևի հետ կապի մեջ են և ազատ քննարկում են բոլոր հարցերը: «Մենք երկկողմանի ազատ ենք խոսել 24/7 ռեժիմով ամեն ինչի մասին»,- ընդգծել է Սիմոնյանը, և հայտնել, որ հենց այդ պահին Հիքմեթ Հաջիևն է զանգում, և ճեպազրույցից հետո կպատասխանի նրա զանգին: Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անկլավ-էքսկլավների հետ կապված այս պահին չկա ոչ մի պայմանավորվածություն, բայց ըմբռնումն այնպիսին է, որ սահմանազատման արդյունքում երկու կողմերում էլ անկլավներ չպետք է լինեն։ Բաքվում հայ գերիները, բնության դեմ պատերազմը և Հայաստանի 4 առաջարկները․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ասուլիսը Փաշինյանը պարզաբանել է անկլավ-էքսկլավների վերաբերյալ քաղաքական լուծման ընդհանուր գաղափարը Մեր առաջիկա ամենակարևոր անելիքը խաղաղության պայմանագրի ստորագրումն է՝ մինչև 2031-ը. Փաշինյան Պետության և եկեղեցու հարաբերությունների մասին օրենքը վատն է, պետք է վերանայվի. Թագուհի Ղազարյան Հայկական յարխուշտան՝ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում Եկեղեցին մոմավաճառությունը բիզնես չի համարում COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորում և բացման արարողություն «Գիշեր-ցերեկ չունենք»․ ձկնաբույծները՝ նոր շուկաներ որոնելու մասին Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ ԵՄ արտոնություններն ու հայ արտահանողների խնդիրները Պետությունը գիտությանը չի պատվիրում լուծել իր խնդիրները Եկեղեցին այս ամենը համարում է հարկային արշավ
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





