«Հայաստանի դժվար օրերին մեր բնությունն է մեզ փրկել, և մենք նրան չարաշահելու դժբախտություն ենք ունեցել»,- Երևանում ընթացքող Կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում կայացած «Առաջնորդները հանուն բնության» գագաթաժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 1990-ականների ճգնաժամային տարիներին բնական ռեսուրսների գերօգտագործման պատմությունն ու բնապահպանական ընթացիկ քաղաքականությունը: «1990-ականներին, երբ Հայաստանի Հանրապետությունը անկախություն ստացավ, Խորհրդային Միության տնտեսական համակարգի փլուզման և հակամարտության հետևանքով Հայաստանում էներգետիկ և սոցիալ-տնտեսական ճգնաժամ սկսվեց. երկիրը հայտնվեց շրջափակման մեջ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ պայմաններում սկսված անտառահատումներն ու Սևանա լճի ձկնային պաշարների սպառումն օգնեցին բնակչությանը հաղթահարել ճգնաժամը, սակայն ծանր հարված հասցրեցին կենսաբազմազանությանը: Վարչապետն անդրադարձել է 2018-ի հեղափոխությունից հետո ապօրինի անտառահատումների դեմ սկսված պայքարին՝ ընդգծելով, որ նախկինում անտառահատմամբ զբաղվողները ժամանակի ընթացքում անցել են զբոսաշրջային գործունեության և համոզվել, որ բնությունը կարող է դառնալ բարեկեցության աղբյուր: «Այն նույն մեքենաները, որով ընդամենը ամիսներ առաջ նրանք անտառում հատած փայտն էին տեղափոխում դեպի շուկաներ, սկսեցին հարմարեցնել և զբոսաշրջիկներ տեղափոխել դեպի անտառներ, դեպի վայրի բնություն, և զարմանքով արձանագրեցին, որ այդպես իրոք ավելի շատ ու ավելի հեշտ են վաստակում»,- ասել է վարչապետը: Խոսելով Սևանա լճի պահպանությունից՝ Փաշինյանը հայտնել է, որ ձկնորսության խստացված կանոնակարգերի և ջրային ոստիկանության ներդրման արդյունքում Սիգի ընդհանուր պաշարը 2010-ականների կեսերի համեմատ աճել է ավելի քան տասն անգամ և 2026-ի հուլիսի դրությամբ հասել ավելի քան 4500 տոննայի: «Սիրելի՛ քաղաքացիներ, ում համար ենք մենք Սևանի ձկնային պաշարները պահպանելուն և զարգացնելուն ուղղված այս խիստ միջոցները ձեռնարկում, ում համար ենք մենք դա անում, ես ինձ համար եմ դա անում, կամ իմ շրջապատի համար եմ անում, և քաղաքացիները գիտեն, որ կառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ մեր ազգականների, դա անում ենք այդ նույն ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար և նրանց սերունդների, որ նրանք եկամտի կայուն և երկարաժամկետ աղբյուր ունենան»,- նշել է նա: Նա նաև ներկայացրել է կենդանական աշխարհի վերականգնման դրական միտումները՝ նշելով, որ Հայաստանում գնահատվում է Կովկասյան ընձառյուծի 6-7 առանձնյակ, իսկ 2024 թվականին արձանագրվել է նաև երկու ձագի առկայություն, մինչդեռ Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի շրջանակում բնություն է բաց թողնվել 22 կենդանի, որոնք արդեն հաջողությամբ վերարտադրվում են: «Կովկասյան ընձառյուծի առկայությունը լիարժեք էկոհամակարգի կարևոր ցուցիչ է, իսկ ձագի ծնունդը դրա կայունության մասին է վկայում»,- ընդգծել է Փաշինյանը: Վարչապետը հավելել է, որ չնայած առկա հաջողություններին՝ Հայաստանում դեռևս շարունակվում են անտառահատումների և որսագողության դեպքերը, ինչի դեմ պայքարելու համար հիմնադրվել է էկոպարեկային ծառայությունը, որն արդեն գործում է տասը մարզերից չորսում: «Մեր անտառները վերականգնելու շատ մեծ հատկություն ունեն, զուգահեռ մենք իրականացնում ենք և պիտի շարունակենք իրականացնել անտառվերականգնման ծրագրեր, բայց պետք է նաև հասկանանք, որ առանց անտառների պահպանության և մարդկանց շրջանում էկովարքագծի սերմանման շատ դժվար կլինի լուրջ արդյունքների հասնելը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: «Երևան ուելնես»-ի լողավազանում քլորի մեծ չափաբաժին է արտահոսել․ 5 անձ է տուժել ԵՄ արտոնություններից այն կողմ. հայ արտահանողների խնդիրները Մինչև 2030-ը կասեցնել կենսաբազմազանության կորուստը․ ընդունվել է Երևանյան հռչակագիրը Հայաստանի միջուկային ապագան և Ալիևի սպառնալիքները Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին Հայկական յարխուշտան՝ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում Եկեղեցին մոմավաճառությունը բիզնես չի համարում COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորում և բացման արարողություն «Գիշեր-ցերեկ չունենք»․ ձկնաբույծները՝ նոր շուկաներ որոնելու մասին Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ