Հասարակություն
Հայաստանը և Հունաստանը խորացնում են համագործակցությունը էներգետիկայի և ջրային ոլորտներում
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի էներգետիկայի, աղբի և ջրի կարգավորող մարմնի նախագահ Կոնստանտինոս Ցիմարասը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ էներգետիկայի և ջրային ոլորտներում համագործակցությունը զարգացնելու նպատակով։ ՀԾԿՀ հաղորդագրությունը՝ ստորև․ «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի Հանրապետության էներգետիկայի, աղբի և ջրի կարգավորող մարմնի (RAAYE) նախագահ Կոնստանտինոս Ցիմարասը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է խորացնել և զարգացնել երկու երկրների կարգավորող մարմինների միջև համագործակցությունը էներգետիկայի և ջրային ոլորտներում։ Ողջունելով հյուրերին՝ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը կարևորել է Հայաստանի և Հունաստանի կարգավորող մարմինների միջև համագործակցության հաստատումը։ «Այսօրվա հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ է մեր երկու երկրների մասնագիտական կառույցների միջև գործընկերության ամրապնդման ճանապարհին։ Վստահ եմ, որ փոխըմբռնման հուշագիրը նոր հնարավորություններ կստեղծի փորձի և լավագույն կարգավորող պրակտիկայի փոխանակման, մասնագիտական կարողությունների ամրապնդման և ոլորտներում արդյունավետ կարգավորման ապահովման համար»,-իր խոսքում նշել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Կոնստանտինոս Ցիմարասը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ «Հայաստանի կարգավորող մարմնի հետ համագործակցությունը մեզ համար կարևոր նշանակություն ունի։ Վստահ եմ, որ ստորագրված հուշագիրը նոր հնարավորություններ կստեղծի՝ ի շահ երկու երկրների կարգավորող համակարգերի զարգացման համար»,- ասել է Կոնստանտինոս Ցիմարասը»։ ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել խորհրդարանական զարգացման վերաբերյալ ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





