Լուսանկարը՝ report.az-ից Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, հետաքրքրված է ռուսական «Գազպրոմից» բնական գազի գնումները վերսկսելով, թեև Ադրբեջանը գազի խոշոր արտահանող է։ Այս մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է SOCAR-ի փոխնախագահ Էլշադ Նասիրովը։ Մոսկվայում «Ռուսական էներգետիկ շաբաթ» համաժողովում ելույթ ունենալիս Նասիրովն ասել է, որ SOCAR-ը նախկինում գազ է գնել «Գազպրոմից», իսկ ավելի ուշ ինքն է դարձել ռուսական ընկերության մատակարար։ Միաժամանակ նա նշել է, որ գնումները վերսկսելու վերաբերյալ կոնկրետ ծրագրեր չկան և չի մանրամասնել հնարավոր ծավալներն ու մատակարարումների ժամկետները։ «Մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ «Գազպրոմի» նման հսկայի հետ մեր համագործակցությունը շատ լավ օրինակ է, քանի որ SOCAR-ը, հավանաբար, աշխարհում միակ ընկերությունն է, որը սկզբում գազ է գնել «Գազպրոմից», հետո գազ մատակարարել «Գազպրոմին», իսկ այժմ կրկին ցանկանում է գազ գնել»,- ասել է Նասիրովը։ Լրագրողների հարցին, թե Ադրբեջանը որքան գազ է մտադիր գնել «Գազպրոմից», Նասիրովը պատասխանել է, որ այս պահին կոնկրետ ծրագրեր չկան։ «Սա պարզապես փաստ է, որը հաստատում է, որ մենք և՛ գազ ենք գնել, և՛ վաճառել։ Կոնկրետ ծրագրեր չկան»,- ասել է նա։ Նախկինում Ադրբեջանը ներքին պահանջարկի մի մասը բավարարելու համար կախված էր ռուսական գազից։ 2006-ին երկիրը Ռուսաստանից ներմուծել է մոտ 4,48 միլիարդ խորանարդ մետր գազ։ Ներմուծումը դադարեցվել է 2007-ին, երբ Ադրբեջանը մեծացրել է ներքին արտադրությունը, հատկապես՝ «Շահ Դենիզ» գազային հանքավայրից։ Մատակարարումների դադարեցմանը նպաստել էին նաև գազի գնի շուրջ տարաձայնությունները։ Այնուհետև գազային առևտրի ուղղությունը փոխվել է, և 2010-ից Ադրբեջանը սկսել է գազ արտահանել Ռուսաստան։ 2017-ի նոյեմբերին SOCAR-ը և «Գազպրոմը» պայմանագիր են ստորագրել 1,6 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազի մատակարարման վերաբերյալ։ Ադրբեջանը 2017-ին ներմուծել է մոտ 349 միլիոն խորանարդ մետր, իսկ 2018-ին՝ 999 միլիոն խորանարդ մետր գազ, որից հետո՝ 2018-ի աշնանը, գնումները կրկին դադարեցվել են։ 2022-ի նոյեմբերին երկու ընկերությունները ևս մեկ համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում էր 2022-ի նոյեմբերի 15-ից մինչև 2023-ի ապրիլի 1-ը մինչև մեկ միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարում։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է զարգացնել գազի արտահանումը միջազգային շուկաներ։ 2026-ի հունվարին SOCAR-ը հայտարարել էր Գերմանիա և Ավստրիա գազի մատակարարումների մեկնարկի մասին։ Վերջին հայտարարությունը չի պարունակում հնարավոր նոր մատակարարման համաձայնագրի մանրամասներ՝ ներառյալ գնվելիք գազի ծավալը կամ մատակարարումների հնարավոր մեկնարկի ժամկետները։ «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովը Մոսկվայում անցկացվում է հոկտեմբերի 14-16-ը՝ Ռուսաստանի կառավարության, Էներգետիկայի նախարարության և Մոսկվայի կառավարության աջակցությամբ։ Միջոցառումը կազմակերպում է «Ռոսկոնգրես» հիմնադրամը։ Ֆրանսիայի արտգործնախարարը քննադատել է Ադրբեջանի «սադրիչ» գործողությունները Նոր Կալեդոնիայում Էրդողանի գլխավոր խորհրդականը պնդում է, որ որոշ ուժեր փորձում են «ստվեր գցել» Թուրքիա-Ադրբեջան դաշինքի վրա Հիջաբի արգելքի դեմ դպրոցը բոյկոտող երեխաների համար դասեր կազմակերպած ադրբեջանցի ակտիվիստը, ըստ հաղորդումների, անհետացել է Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական խումբը քննադատում է թուրք պաշտոնյաներին հիջաբի արգելքի վերաբերյալ պնդումների պատճառով Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին Հայկական յարխուշտան՝ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում Եկեղեցին մոմավաճառությունը բիզնես չի համարում COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորում և բացման արարողություն «Գիշեր-ցերեկ չունենք»․ ձկնաբույծները՝ նոր շուկաներ որոնելու մասին Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ