Միջազգային
Հրկիզված շենքեր, թալանված խանութներ, հարյուրավոր վիրավորներ ու հազարավոր ձերբակալվածներ. ցույցեր Եվրոպայում
Եվրոպական երեք երկրում՝ Ֆրանսիայում, Իտալիայում և Ալբանիայում, հանգստյան օրերին հակակառվարական զանգվածային ցույցեր են եղել, որոնք ուղեկցվել են անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով: Ամենազանգվածային ցույցերը եղել են Ֆրանսիայում, ավելի քան կես միլիոն մարդ է փողոց դուրս եկել: Դեռ մեկ ամիս առաջ շենքային և կրթական պայմաններից բողոքող ուսանողների ցույցերը վերածվել են թանկացումների և կենսապայմանների դեմ համապետական ակցիաների: Ցուցարարները շենքեր են այրել, խանութներ թալանել, մոտ 2000 բիզնես է տուժել: Մարսելում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարան, Լիոնում այրել են զբոսաշրջության գրասենյակը, Լիմոժում էլ հրկիզել են քաղաքապետարանի շենքը: Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետները հայտնել են, որ քաղաքների «ամբողջական հատվածներ» անպաշտպան էին մնացել: Մոտ 150 ոստիկան և 500 ցուցարար է վիրավորվել, ավելի քան 1800-ը՝ ձերբակալվել: Բողոքի ակցիաներ են եղել նաև այսօր. ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքը, Մարսելում ժամանակավորապես արգելվել են հանրային հավաքներն ու ցույցերը։ Ստեղծված իրավիճակը քննարկելու համար վարչապետն այսօր կառավարության արտահերթ նիստ է հրավիրել, որը գլխավորել է նախագահը: Սեբաստիան Լեկորնյուն բռնությունների համար մեղադրել է «ուլտրաձախ ծայրահեղականներին»: Նա նաև որոշ քաղաքների խնդրել է մասնակի պարետային ժամ սահմանել: Ներքին գործերի նախարարը հրաժարական է ներկայացրել՝ ասելով, որ ինքն է պատասխանատու կատարվածի համար: Լորան Նունյեսը պարզաբանել է, թե չէին կանխատեսել, որ այդքան մարդ դուրս կգա փողոց: Նախագահը, սակայն չի ընդունել հրաժարականը՝ ասելով, որ դեռ շատ աշխատանք ունեն անելու: Էմանյուել Մակրոնը, որը վեց ամսից հրաժեշտ կտա պաշտոնին, խնդրել է քննարկել, թե ինչպես երկրում փողոցներն ավելի անվտանգ դարձնել և պատասխանատվության ենթարկել բռնարարներին: Չնայած ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակին՝ Մակրոնը եռօրյա այցով մեկնել է Ծոցի երկրներ: Երեկ էլ նա տեսաուղերձով էր դիմել ֆրանսիացիներին և հանդարտվելու կոչ արել: Նախագահը դատապարտել էր ցուցարարների կողմից բռնության կիրառումը և խոստացել՝ տուժած տնտեսվարողները փոխհատուցում կստանան, իսկ մեղավորները կպատժվեն: «Նրանք, ովքեր գույք են ոչնչացրել, պետք է վճարեն։ Նրանք, ովքեր թալանել են, պետք է փոխհատուցեն վնասը։ Նրանք, ովքեր փորձել են տապալել հանրապետությունը, պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է Էմանյուել Մակրոնը: Ֆրանսիայի ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակության առաջնորդ, նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ վստահության և հեղինակության խորը ճգնաժամ կա երկրում, ինչը, նրա պնդմամբ, սպառնալիք է ժողովրդավարությանը: Նա նաև ասել է, որ ծեծի, բռնության և թալանի տեսարանները Ֆրանսիայում չպետք է սովորական դառնան, ապա դատապարտել է բռնարարներին: «Ես վճռականորեն դատապարտում եմ զայրույթի այս շահագործումը քաղաքական ուժերի կողմից, որոնք խրախուսում են բռնությունը, ինչպես նաև ավազակների կողմից դրա կիրառումը՝ Ֆրանսիայի քաղաքներում քաոս սերմանելու համար»,- ասել է Մարին Լը Պենը: Ականատեսները ֆրանսիական քաղաքների փողոցները «պատերազմական գոտու» հետ են համեմատում: Երեկվանից արդեն մաքրման և վերականգնողական աշխատանքներ են սկսվել: Լիմոժի քաղաքապետը դատապարտել է հրկիզման հետևանքով քաղաքապետարանի շենքին հասցված վնասը: Գիյոմ Գերենն ասել է, որ քաղաքը կորցրել է իր «ճարտարապետական գոհարը»: «Այն պատմական շենք է, որն ավերվել է, ինչպես տեսնում եք: Այն քաղաքի ճարտարապետական գոհարն էր։ Երկու դար առաջ է կառուցվել այս շենքը. այն քաղաքի ժառանգության մասն է, որը չի ավերվել նույնիսկ պատերազմի ժամանակ»,- ասել է Լիմոժի քաղաքապետը: Իտալիայում ևս վարչապետն արտահերթ նիստ է անցկացրել Միլանում հանգստյան օրերին ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումներից հետո։ Ջորջիա Մելոնին ասել է, որ «խուլիգաններն» օգտվել են առիթից՝ «քաոս սերմանելու» համար։ Հանգստյան օրերին ցույցեր են եղել նաև Ալբանիայում: Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները հրկիզել են կառավարական շենքեր, բանկեր, կոտրել խանութների ցուցափեղկեր: Ոստիկանությունը Տիրանայի փողոցներում ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ալբանիայում բողոքում են կոռուպցիայից և թանկացումներին:
Աղբյուր՝ Ազատություն — Միջազգային





