Հոկտեմբերի 17-18-ը Բաղդադում կայացած 52-րդ նստաշրջանի հռչակագրում Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների խորհուրդը ներառել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող կետ: Այս մասին հաղորդել է Ադրբեջանի արտգործնախարարությունը: Հաղորդագրության համաձայն՝ հռչակագիրը ողջունում է առաջընթացը այդ գործընթացում, մասնավորապես՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը երկու երկրների միջև: «ԻՀԿ անդամ պետությունների անունից հայկական կողմին կոչ է ուղղվել՝ վերացնելու խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին մնացող իրավական և քաղաքական խոչընդոտները: Փաստաթղթում նաև օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման և վերակառուցման ջանքերում Ադրբեջանի կառավարության և ժողովրդի հետ համերաշխություն է արտահայտված: Բացի այդ՝ պարունակվում է ԻՀԿ անդամ պետություններին ուղղված կոչ՝ ակտիվորեն աջակցել այդ տարածքների ականազերծմանն ուղղված գործունեությանը», - ըստ APA լրատվական գործակալության՝ փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ-ը: Նստաշրջանում Ադրբեջանը ներկայացրել է փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը, ով անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև կազմակերպությունում Ադրբեջանի առաջիկա նախագահության առաջնայնություններին: Պաշտոնական Բաքուն հաղորդում է, որ ԻՀԿ ԱԳ նախարարների խորհուրդը նաև վերստին ընդունել է Ադրբեջանին առնչվող չորս ավանդական բանաձևերը՝ «հաշվի առնելով համապատասխան փոփոխությունները»: Թվարկելով այդ բանաձևերը՝ «Ադրբեջանական Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիայի մասին», «Ադրբեջանին տնտեսական օգնության մասին», «Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի տարածքներում իսլամական պատմամշակութային հուշարձանների և իսլամական ժառանգության հետքերի ավերումը և պղծումը» և «Համերաշխություն 1992 թվականի Խոջալուի կոտորածի զոհերի հետ», Ադրբեջանի արտգործնախարարությունը չի մանրամասնում «հաշվի առնված համապատասխան փոփոխությունները»: 57 երկիր ընդգրկող ԻՀԿ արտգործնախարարների՝ անցած տարվա հունիսին Ստամբուլում կայացած համաժողովի հռչակագրում և այլ փաստաթղթերում ևս տեղ էին գտել ադրբեջանական մի շարք պնդումներ ու պահանջներ, որոնց կապակցությամբ պաշտոնական Երևանն իր հիասթափությունն էր հայտնել: ՀՀ արտգործնախարարությունը հիշեցրել էր՝ Հայաստանն է առաջարկում առանց հետաձգման ստորագրել խաղաղության համաձայնագիրը, ինչպես նաև կառուցողական լուծումներ գտնել Ադրբեջանի կողմից բարձրացվող մի շարք հարցերի կապակցությամբ: 34 տարի առաջ Խոջալուում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ էլ հայկական կողմը, չհերքելով արյունահեղության փաստը, պնդում է, որ պատերազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակչությանը մարդասիրական միջանցք է տրամադրվել, սակայն ադրբեջանական որոշ ուժեր կրակ են բացել քաղաքից դուրս եկողների ուղղությամբ՝ այդ ժամանակ նախագահ Այազ Մութալիբովի դիրքերը սասանելու համար։