ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը երեքշաբթի Օսլոյում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով երեք աղբյուրների, գրել էր, որ Թրամփի բանագնացները կմեկնեն Նորվեգիա։ Նորվեգիայի մայրաքաղաքում Զելենսկին կմասնակցի հանդիպումների երկրի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։ Նպատակն է մշակել ծրագիր, որը կարող է հիմք դառնալ Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման համար։ Axios-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Օսլո կատարած այցից հետո Սթիվ Ուիթկոֆը ծրագրում է մեկնել Ռուսաստան, որտեղ հույս ունի հանդիպել այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրան ներկայացնել Օսլոյում քննարկված առաջարկները։ Reuters-ի երկու աղբյուրների տվյալներով՝ Ուիթկոֆը հույս ունի ՌԴ ներկայացուցիչների հետ քննարկել նաև ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման հարցը։ Վերջինը վարձկանության հոդվածով դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման։ Reuters-ի զրուցակիցը նշել է, որ Ուիթկոֆի այցի ծրագրերը նախնական են և դեռ կարող են փոփոխվել։ Axios-ի զրուցակցի խոսքով՝ Թրամփի մեկ այլ բանակցող Ջարեդ Քուշները գրիպով է հիվանդացել և չի մեկնել Օսլո, սակայն հանդիպումներին կմասնակցի առցանց։ Ըստ աղբյուրի՝ անցած շաբաթ ԱՄՆ-ի, Ուկրաինայի ու Եվրոպայի ներկայացուցիչները տեխնիկական մակարդակով մշակել են առաջարկներ, որոնք կարող են հիմք դառնալ երկարաժամկետ խաղաղության համար։ Օսլոյում հանդիպումը տեղի է ունենում Թրամփի կողմից Զելենսկիի հասցեին հնչող կտրուկ քննադատության ֆոնին։ ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է, որ, իր կարծիքով, Ուկրաինային նոր առաջնորդ է անհրաժեշտ։ «Ռուսաստանն Ուկրաինայի հարցում իրեն նորմալ է պահում»,- պնդել է Թրամփը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Նմանատիպ նյութեր Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար