Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) հայտնել է, որ հաջողությամբ տիեզերք է արձակվել H3 հրթիռը՝ MMX սարքով, որը պետք է ուսումնասիրի Մարսի արբանյակ Ֆոբոսը և նրա մակերևույթի հողի նմուշներ վերցնի։ Մեկնարկը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին՝ Տանեգասիմա կղզու տիեզերակայանից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ամբողջ նախագիծը և դեպի Մարս ուղարկված հինգ տոննա կշռող սարքը կոչվում է MMX՝ Martian Moons Exploration («Մարսի արբանյակների ուսումնասիրություն»)։ Սարքը Երկիր պետք է վերադառնա 2031 թվականին։ Ֆոբոսի ուղեծիր հասնելու և հետ վերադառնալու ճանապարհը յուրաքանչյուր ուղղությամբ կտևի մոտ մեկ տարի։ Սարքը երեք տարի կանցկացնի ուղեծրում՝ ուսումնասիրելով Ֆոբոսը և Մարսի մյուս արբանյակը՝ Դեյմոսը։ Դրանց տրամագծերը, համապատասխանաբար, ընդամենը շուրջ 20 և 10 կմ են։ Նախատեսվում է նաև վայրէջք կատարել Ֆոբոսի վրա՝ այն ուսումնասիրելու և հողի նմուշներ հավաքելու համար։ Սկզբում պետք է վայրէջք կատարի փոքր ինքնավար մարսագնացը, այնուհետև՝ ամբողջ սարքը։ Այս նախագծի արժեքը գնահատվում է 578 միլիոն դոլար։ Դրան մասնակցում են Ճապոնիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան ու Եվրոպական տիեզերական գործակալությունը։ Ֆրանսիան և Գերմանիան պատրաստել են Idefix մարսագնացը, որն անվանվել է ի պատիվ Աստերիքսի և Օբելիքսի մասին կոմիքսների շան։ Միկրոալիքային վառարանի չափերով քառանիվ մարսագնացը պետք է առաջինը վայրէջք կատարի Ֆոբոսի վրա և այնտեղ անցկացնի շուրջ 100 օր՝ շարժվելով վայրկյանում ընդամենը 1 մմ արագությամբ։ Իսկ MMX տիեզերական սարքը Ֆոբոսի մակերևույթին կմնա ընդամենը երկու ժամ՝ 10 գրամ հողի նմուշ վերցնելու համար։ ԽՍՀՄ-ը և Ռուսաստանը երեք անգամ փորձել են դեպի Ֆոբոս առաքելություն ուղարկել՝ դրա մակերևույթին վայրէջք կատարելու նպատակով։ Մարսի արբանյակին հասնել և Երկիր լուսանկարներ փոխանցել հաջողվել է միայն «Ֆոբոս-2» սարքին՝ 1989 թվականին։ Սակայն այդ փորձերից և ոչ մեկի ընթացքում վայրէջք կատարել չի հաջողվել։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը