Հասարակություն
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն Ստեփանավանում 825 ձայնի տարբերությամբ պարտվեց, Փաշինյանի ասած՝ պրոՔՊ-ական «Գործարար» կուսակցությանը։ Այստեղ գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի գլխավորած ուժն է ստացել ամենաշատ՝ 5506 ձայն կամ կողմ քվեների 41,54%-ը, ՔՊ-ն՝ 35,32%-ը։ Այս անգամ «Գործարար» կուսակցության ցուցակով առաջադրված Արմեն Գրիգորյանը նախորդ՝ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում առաջադրվել էր ՔՊ ցուցակով։ Իսկ ավելի վաղ՝ 2020 թվականի նոյեմբերին, Փաշինյանը նրան նշանակել էր Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Երեկ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Գրիգորյանը շնորհակալական խոսքեր էր ասում ոչ միայն ընտրողներին․ «Հաղթեց ժողովուրդը, հաղթեց ժողովրդավարությունը։ Եվ այս ամենի շրջանակում հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել կառավարության ղեկավարին այս հնարավորությունն ինձ տալու համար»։ 41,5 տոկոս ձայն հավաքած «Գործարար» կուսակցությունը ստեղծվել է 2016 թվականին, եթե Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում կուսակցությունը գոնե ֆորմալ իմաստով մրցակցում էր «Քաղաքացիական պայմանագրի» հետ, ապա Գորիսում և Գավառում մասնակցում էր հենց ՔՊ-ի հետ կազմած «Համերաշխություն» դաշինքով։ Իշխող կուսակցությունը պարզաբանում է՝ ինչպես է ստացվել, որ առաջադրված երկու տարբեր ուժերի թեկնածուներն էլ ՔՊ անդամ են։ «Երեք համայնքներում էլ՝ թե՛ Ստեփանավան, թե՛ Լոռի Բերդ, թե՛ Գյուլագարակ, «Քաղաքացիական պայմանագիր»-ն ուներ համայնքապետ, նախորդ փուլում մենք հաղթել էինք երեք համայնքներում ընտրությունները: Խոշորացման արդյունքում մեր երեք համայնքապետերից երկուսը՝ Լոռի Բերդը և Ստեփանավանը, հայտնել են հավակնություն՝ գլխավորելու խոշորացված համայնքը: Որոշում է կայացվել, որ այդ երկուսից ՛ւմ կընտրի ժողովուրդը, թող նա էլ ղեկավարի համայնքը: Այսինքն՝ որոշելու հնարավորությունը տրվել է Ստեփանավան խոշորացված համայնքի բնակիչներին: «Գործարար» կուսակցությունով մասնակցել է մեր թիմի մի անդամը, «Քաղաքացիական պայմանագրով»՝ մյուս անդամը»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Ստեփանավանում պայքարի գլխավոր ինտրիգը, սակայն, ՔՊ-ի և «Գործարար» կուսակցությունների միջև չէր․ երեկվա ընտրություններում սա միակ համայնքն էր, որտեղ առաջադրված էր միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ը։ 2609 քվե ստացած ուժի առաջին համարի թեկնածու Արսեն Գևորգյանն ընտրություններից 4 օր առաջ ընտրակաշառքի գործով կալանավորվեց։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Գևորգյանն ընտրությանը մասնակցելու և այդ քաղաքական ուժի օգտին քվեարկելու պայմանով, մի քանի տասնյակ ընտրողների ընտրակաշառք է տվել։ Մինչ տեսանյութի տարածումը՝ վաղ առավոտից «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավանի գրասենյակում խուզարկություններ էին իրականացվել, ձերբակալվել էր 14 անձ։ Այդ գործողություններն «Ուժեղ Հայաստան»-ը քաղաքական հետապնդում է որակում, իսկ երեկվա իրենց պարտությունը՝ դրական նոտայի տակ ներկայացնում։ «Այնտեղ, որտեղ մասնակցել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ռեկորդային ցածր տոկոս է հավաքել, ամենացածր տոկոսն է հավաքել, կարելի է ասել, և գրավել է ընդամենը երկրորդ տեղը, չի կարողացել հասնի հաղթանակի: Բացի դրանից, նա հիմա ստիպված է բանակցություններ վարել, որպեսզի իրեն տեղ տան։ Մի տարածաշրջանում ընդամենը: Սա ցույց է տալիս, որ «Ուժեղ Հայաստանը» որտեղ կա, այնտեղ «Քաղաքացիական պայմանագրի» թևերը, հնարավորությունները կտրվում են»,- ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում ասում է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: Համապետական ընտրություններից հետո Կարապետյանը խոստանում էր, որ իշխանության դեմ իրենց պայքարը չի ավարտվել, այն կշարունակեն աշնանը՝ համայնքներում։ Սակայն 21 համայնքներից Ստեփանավանը միակն էր, որոնցում ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ «Միակ ուժը, որ կարողանում է պայքարել, էֆեկտիվ պայքարել հողի վրա, միակ ուժը, որ կարողանում է կազմակերպել այդ պայքարը, այս պահին քաղաքական դաշտում ես համարում եմ, որ մնացել է «Ուժեղ Հայաստանը»: Եվ մեր աշխատանքից է կախված, թե ինչքան ենք մենք սահմանափակելու հնարավորությունները, կտրելու թևերը»,- հավելում է Կարապետյանը: Իշխող ուժը, սակայն, հակադարձում է՝ «Ուժեղ Հայաստան»-ն է մեղավոր։ «Թող փող չբաժաներ, չկալանավորվեր, այ քեզ բան: Բա որ փող չբաժանեին, ի՞նչ պատկեր կլիներ»,- ասում է Վահագն Ալեքսանյանը: Ստեփանավանում 4-րդ ուժը՝ «Հանրապետություն» կուսակցությունը, հավաքել է 452 ձայն։ Ի վերջո, ո՞վ է զբաղեցնելու համայնքապետի պաշտոնը, երկու ՔՊ-ական անդամներից ո՞վ կնստի ղեկավարի աթոռին, արդյո՞ք կոալիցիա կկազմեն ՔՊ-ն ու պրոՔՊ-ական կուսակցությունը, պարզ կդառնա ավագանու անդրանիկ նիստին։ Մանրամասները՝ տեսանյութում։ ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ-ն պիտի հակազդի՛․ ադրբեջանցիները եվրոպական հարթակներում ասում են Սևանն իրենց հայրենիքն է, պիտի վերադառնան․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





