Մշակույթ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի փոխնախագահին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի փոխնախագահ Գուանգժե Չենի գլխավորած պատվիրակությանը, ով Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ համաժողովի շրջանակներում։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն: Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։ «Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել կլիմայական դիմակայունության ամրապնդման և կանաչ անցման համար անհրաժեշտ ֆինանսական և տեխնիկական ռեսուրսները պետություններին առավել հասանելի դարձնելու Համաշխարհային բանկի հանձնառությունը։ Այս համատեքստում Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում կհաջողվի COP17-ի շրջանակում քննարկվող նպատակները վերածել ՀԲ հետ կոնկրետ ծրագրային նախաձեռնությունների շուրջ համագործակցության։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել երկկողմ ընթացիկ համագործակցության՝ կլիմայի փոփոխության և բնապահպանական տեսանկյունից էական նշանակություն ունեցող ուղղություններին։ Մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել վերականգնվող էներգետիկայի և դրա համատեքստում կուտակիչ կայանների ենթակառուցվածքի զարգացման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, լանդշաֆտների վերականգնման և հողերի դեգրադացիայի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ընթացիկ ծրագրերի շուրջ։ Կենսաբազմազանության պահպանության և կլիմայական նպատակների իրականացման ֆինանսավորման աղբյուրների ընդլայնման անհրաժեշտության համատեքստում անդրադարձ է կատարվել նաև կանաչ ֆինանսավորման գործիքների կիրառման հեռանկարներին և այս ուղղությամբ հնարավոր համագործակցությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





