Մշակույթ
Հողի ուժն ու Ալեքսեյ Մանուկյանի կենդանի աշխարհները
Պատից կախված «մարմիններ», հողաշերտ մակերեսներ, մետաղական օբյեկտներ, առանձին տարաներում ապրող բիոօրգանիզմներ, հացի լանդշաֆտներ, միջավայրի հետ հարաբերվող քարե ինստալյացիաներ․․․։ Սա գյումրեցի ժամանակակից արվեստագետ Ալեքսեյ Մանուկյանի արվեստանոցն է, որի արվեստային պրակտիկան ներառում է խառը տեխնիկաներ, ինստալյացիա, հողարվեստ, բիոարտ, գեղանկարչություն, ժամանակակից արվեստային այլ մեդիաներ։ Գյումրիում ապրող և ստեղծագործող Ալեքսեյ Մանուկյանի արվեստի առանցքում հիշողությունն է, ժամանակը, մարդու և բնության փոխհարաբերությունները, քաղաքային միջավայրի սոցիալական ու մշակութային շերտերը։ Հողը, քարը, ջուրը, մետաղը, թուղթը Ալեքսեյ Մանուկյանի գործերում դառնում են գեղարվեստական մտածողություն, որ համադրությունների ու հակադրությունների միջոցով ստեղծում են արվեստային նոր բովանդակություններ ու ձևեր։ Ալեքսեյ Մանուկյանին հանդիպում եմ իր 5-րդ հարկի արվեստանոցում, որի պատերի ներսում քեզ ավելի մոտ ես զգում բնությանը։ Մարդու կապն իր մշակույթի, ազգի, երկրի, բնաշխարհի հետ շատ է կարևորում Ալեքսեյը, բայցև անկեղծանում է՝ մի շրջան կարծես ինքն էլ կորցրել էր այդ կապը, ինչն իրեն ստիպեց գնալ շատ ավելի վաղ․ «Այդ ժամանակ գնացի ավելի խորը՝ դեպի ժայռապատկերներ, որտեղից էլ բերեցի հողը, քարը, մետաղը․․․, այսինքն նախնական տիրույթ մտա ու այդտեղից սկսեցի կառուցել իմ աշխարհը ու հիմա եկել հասել եմ մի կետի, որը շարունակություն է ուզում, իսկ դա ամենադժվարն ու ամենահետաքրքիրն է»։ Իր արմատից ու բնական միջավայրից կտրված ծառի ճյուղը շարունակում է ապրել Ալեքսեյ Մանուկյանի գործերում՝ ստիպելով խորհել մարդու ու բնության փոխհարաբերությունների մասին․ ե՞րբ մարդը կորցրեց իր կապը հողի ու կենդանի աշխարհի հետ, կարո՞ղ է արվեստը մոտեցնել մարդուն բնությանը, ո՞րն է մարդու տեղը այս աշխարհում։ Ստեղծել ոչ թե արվեստ, այլ՝ աշխարհներ «Ես արվեստ չեմ ստեղծում, այլ՝ աշխարհներ։ Այդ պրոցեսը հիմնականում տեղի է ունենում տարբեր ձևաչափերով ու տարբեր տեղերում, երբ սինթեզում եմ գիտություն, բնություն, արվեստ, տեխնոլոգիաներ։ Այդ աշխատանքների մի մասը գտնվում է բացօթյա արվեստանոցում, որտեղ ես բիոօրգանիզմներ եմ աճեցնում և որոշ գործեր պետք է համադրվեն դրանց հետ»,-ասում է Ալեքսեյը, որի այսօրվա արվեստը՝ բիո-լենդ արտը ուղղակիորեն հարաբերվում է գիտության և տեխնոլոգիաների հետ։ «Որ եկա արվեստի դաշտ, դեռ բնություն չկար, իներցիոն վիճակ էր՝ հատկապես երկրաշարժից, պատերազմից հետո։ Բնությունը մտավ իմ աշխարհ 2016թ-ին, երբ 5-րդ հարկի արվեստանոցս փակեցի ու ընտանիքով տեղափոխվեցինք մեր սեփական տուն։ Այդ ժամանակ այգում նստած չգիտեի ինչ պիտի անեմ, զրոյական վիճակ էր, ինչն էր ձեռքիս տակ շատ՝ հողը, թուղթը, երկաթը, պլաստիկը, դրանք կուտակեցի ու սկսեցի քիչ-քիչ այդ աշխարհները ստեղծել։ Իրականում հենց այդտեղից սկսեց աշխարհներ ստեղծելու կոնցեպտը, բայց այդ ժամանակ դեռ ձևակերպված չէր, սովորաբար ձեւարկերպումները հետո են գալիս»,-ասում է զրուցակիցս։ Արվեստի մասին պատկերացումները, որ ունեինք մոդեռնիզմի, պոստմոդեռնիզմի ժամանակ, Ալեքսեյի կարծիքով, այսօր կարծես սպառվել են, ինչպես որ սպառվում են ստեղծագործելու ձևերը․ «Ու դրա համար մարդը փորձում է նոր ձևեր փնտրել, գտնել ու այդտեղ գալիս է կենսաբանությունը, որպես գիտություն և սկսում է սինթեզել բնությունը արվեստին, որի միաձուլումից ժամանակին համահունչ նոր ձևեր են առաջանում։ Ես որպես արվեստագետ նայում եմ շուրջբոլորս ու փնտրում, թե ինչի մեջ կարող եմ նոր բովանդակություն, նոր իմաստ գտնել։ Այս առումով բնությունը տալիս է այդ հնարավորությունը»։ Ալեքսեյ Մանուկյանն իրեն համարում է ոչ այնքան արվեստագետ, որքան՝ երազող, հորինող, երևակայող, հարաբերվող, բացահայտող, արարող․ «Կան նկարիչներ, որ ամբողջ կյանքում հավատարիմ են մնում կտավին, բայց ինձ մոտ եկավ մի պահ, որ թուղթը, կտավը, յուղաներկն ինձ այլևս չէին բավարարում և ես ձայն էի ուզում լսել, դա ինձ համար փոխակերպման ժամանակաշրջան էր, երբ գրաֆիտով թղթի վրա գիծ էի քաշում՝ երկաթի ձայն էի լսում։ Հետո սկսեցի շրջակայքից երկաթ հավաքել ու շարքերիցս մեկը, որ կոչվում է «Մուրճով ծեծվածները», հենց դրա արդյունքն է»։ Երբ ծառի կեղևն ու մարդու մաշկը նույնանում են «Երբ 2016-ին տեղափոխվեցինք բացօթյա արվեստանոցի տարածք, տեսա շրջակայքում ինչ տեսակի մետաղական թափոն ասես կա՝ ներկի ամաններ, կենցաղային տեխնիկա, վառարաններ։ Երկար շրջում էի, նայում այդ թափոններին, բայց դրանք հավաքելու գործողությունը հենց ապրիլի 1-ին սկսվեց՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրը։ Այդ մետաղական թափոնները հավաքեցի բերեցի տուն ու մեծ բարիկադներ ստացա այգու մեջտեղում, որը կարծես ինքնապաշտպանական ակտ էր ու չգիտակցված այն ժամանակ։ Հետո հասկացա, թե ինչ հիշողություններ, պատմություններ արթնացան պատերազմի ավերի հետ կապված։ Ինձ համար պատերազմի ասոցիացիան հենց այրված մետաղն է, երբ եռակցում էի մետաղը, այդ այրման ընթացքն ասոցացվում էր ռումբերի, պայթյունների, զրահամեքենաների հետ»։ Ալեքսեյ Մանուկյանը 1993-94թթ-ին ծառայել է Արցախում, դրանից հետո մասնագիտացել և աշխատել է որպես օրթոպեդ-պրոտեզիստ։ «Պատերազմյան, հետպատերազմյան շրջանում, զինվորներն ականների վրա պայթում էին և ամպուտացվում։ Մեծ մասը երիտասարդներ էին, որ հոսպիտալից հետո գալիս էին պրոտեզավորվելու ու առաջին մարդը, որին տեսնում էին՝ դու էիր ու քո ուսերին էր դրվում ողջ պատասխանատվությունը։ Շատ բարդ հոգեբանական շրջան էր՝ ծանր ապրումներով, անարդարության մեծ զգացումով»,-հիշում է Ալեքսեյը։ Օրթոպեդ-պրոտեզիստ լինելու հանգամանքն ուղղակիորեն իր արձագանքն է գտել նաև նրա արվեստում․ «Օրթոպեդիան ինձ բերեց արվեստ, գծագրության դասերի ժամանակ հասկացա ինչ-որ բաներ են իմ մեջ տեղի ունենում, հենց այդ ժամանակ էլ բացահայտեցի ունակություններս։ Ես հիմա վերականգնում եմ իմ մարմնի, ձեռքի օրթոպեդիկ հիշողությունները, որը զուգահեռաբար փորձում եմ բերել արվեստի դաշտ ու այլ ձևերով սինթեզել գիտությանը, բնությանը»։ «Սրանք մարմիններ են»,- ասում է Ալեքսեյն ու մատնացույց անում կտորով ու մետաղական լարերով վիրակապված ծառի ճյուղերը։ «Այս գործերում հենց այդ հիշողությունն է, որը միշտ ինձ ուղեկցում է և շատ ռեֆլեքսիվ է աշխատում թե այդ կապը, թե իմ մարմնի հիշողությունը։ Սա մարմինը վերականգնելու փորձ է։ Այս մետաղական լարերը, որ սկսեցի փաթաթել փայտի վրա, շատ ինտուիտիվ էի անում, հետո հասկացա՝ դա բինտը փաթաթելու ժեստն է, իմ ձեռքի հիշողությունը օրթոպեդ աշխատած ժամանակ»։ Ծառի կեղևն ու մարդու մաշկը նույնանում են Ալեքսեյ Մանուկյանի արվեստում, դառնում բաբախող սիրտ նրա ձեռքերում, ստանում նոր ինքնություն և խորհրդանշական իմաստ՝ կրելով միաժամանակ թե հողի, թե պատերազմի հիշողությունը։ Այդ պահից սկսած բնությունը դառնում է համահեղինակ Դիրքավորվելով որպես ստեղծագործող դառնալ նաև դիտորդ, այս մոտեցումն է իր ստեղծագործական պրոցեսում կարևորում և կիրառում Ալեքսեյ Մանուկյանը․ «Չես կարող պլանավորել թե քո որ գործողությունից արվեստի ինչ նյութ կստանաս։ Երբ ինչ-որ մակերես եմ ստանում կամ պայմանական ասած արվեստի գործ եմ ստեղծում, հենց այդ ճաքը չեմ ստեղծում, այդ ճաքը ինքն իրեն է առաջանում, ես պարզապես պայմաններ եմ ստեղծում՝ նյութերն եմ տեղադրում, ճիշտ դիրքավորում ու հետո այդ պրոցեսը ինքն իրեն է տեղի ունենում։ Առավել ևս չեմ կարող ասել թե ինչպես չորանա, ինչ գույն ու ծավալ ստանա, այդ ամբողջը շղթա է, որն ուղղակիորեն կապված է բնության հետ՝ արևի լույսի, անձրևի խոնավության, գոլորշիանալու ու մի շարք քիմիական, կենսաբանական գործոնների հետ։ Այդ պրոցեսը հետաքրքիր է նրանով, որ անվերահսկելի է։ Այդ պահից սկսած նյութը, բնությունը դառնում է իմ սկսած պրոցեսի շարունակողն ու համահեղինակը։ Ամբողջ խնդիրը նրանում է, թե մենք ինչքանով ենք պատրաստ դա ֆիքսել և կարող ենք այլ մեթոդի, գաղափարի կամ նյութի վերածել»։ Արվեստն ընդհանրապես ու մասնավորապես Ալեքսեյ Մանուկյանի արվեստը նաև սոցիալական խնդիր է դնում իր առաջ և փորձում լուծումներ գտնել․ պլաստիկե շշեր, կենցաղային թափոններ, որ երկխոսության մեջ մտնելով բնության հետ ցույց են տալիս սպառողական հասարակություն լինելու ժամանակները։ Ասում է՝ մարդիկ, երբ նայում են այս գործերին՝ ծառի ճյուղի կողքին մետաղական գնդեր, հողի մակերեսի վրա պլաստիկե շշեր՝ ներքին ընդվզում է առաջանում։ Ավելին՝ իր նպատակն էլ հենց դա է․ ընդգծել այդ հակասությունը, երբ միմյանց հակադիր շերտեր մարդու միջամտության «արդյունքում» պետք է գոյակցեն իրար հետ։ «Երբ սկսեցի աշխատել պլաստիկե շշերի հետ, երեխաներս փոքր էին և աշխարհը ճանաչելու առաջ էին կանգնած։ Աղջիկս՝ Լորին, ամեն անգամ դպրոցից տուն գալիս պատմում էր, թե ճանապարհին ինչքան աղբ է տեսել կամ թե ինչպես է երեխան ծնողի աչքի առաջ աղբը թափել, իսկ ծնողը չի նախատել։ Ու երեխաներիս մոտ ներքին բախում էր առաջացել, ընտանիքում խոսում ենք, որ չպետք է բնությունը, միջավայրդ աղտոտես, իսկ դրսում իրականությունն ուրիշ է։ Այդ փուլում, որոշեցի երեխաներիս հետ հավաքել այդ պլաստիկները, նախնական նպատակը ուղղակի հավաքել դրանք, պահեստավորել, բայց թե ինչ կիրառում կունենան՝ անհայտ էր։ Այդ ժամանակ արդեն աշխատում էի հողով ու որոշեցի նոր հարաբերություններ ստանալ պլաստիկի ու հողի միավորումից, վերնագիրը միանգամից եկավ՝ Soil-Oil (հող-նավթ)։ Մեծ հաշվով պլաստիկն էլ նավթ է, որի հետևանքով մենք կյանքը նվազեցնում ենք այս մոլորակի վրա ու դրա համար հենց այնպես չեն առաջանում այդ բնապահպանական խնդիրները։ Որպես այդպիսին, բիոկոնցեպտն արդեն քովիդից հետո առաջացավ, մինչ այդ ամբողջը հողն էր՝ «լենդը», քովիդից հետո «լենդը» դարձավ «բիո»»,-պատմում է զրուցակիցս։ Փոխազդելով հողի հիշողության հետ ստեղծել նոր կոնցեպտներ Ալեքսեյի հետ 5-րդ հարկի արվեստանոցից գնում ենք Գյումրու Ավստրիական թաղամասում գտնվող իր տուն արվեստանոցը, որտեղ արդեն տաս տարի ապրում եւ արվեստի տնտեսություն են ստեղծում ողջ ընտանիքով։ Մեղուների փեթակների, պտղատու ծառերի կողքին փոքրիկ տաշտեր են դրված, որոնք, ըստ Ալեքսեյի, բիոակվարիումներ են դարձել, որտեղ տարբեր կենդանի օրգանիզմներ են զարգանում, օրինակ՝ դրանցից մեկում թուղթ է վերամշակում, որը հետո խառնում է հողին և հացի լանդշաֆտներ ստեղծում։ «Այս տաշտերում անձրևաջուրը լցվում և բնական էկոսիստեմ է ձևավորում, որի մեջ օգտակարությունը շատ է, դրա համար հենց այս ջրով եմ ծառերը ջրում, բայց լրիվ չեմ դատարկում, նորից ջուր եմ ավելացնում և այդպես բիո ցիկլեր ստեղծում ու դրանով կյանքի շարունակական ընթացքը պահում։ Հետաքրքիրն այն է, որ առաջ ես դա չէի ֆիքսում, հիմա դա որպես բիոարտ պրոցես եմ ֆիքսում»։ Ալեքսեյը վավերագրում է իր ստեղծագործելու ընթացքը՝ հողի հետ աշխատանքը, մեղր քամելու պրոցեսը։ Կարճ տեսանյութեր փոքր տեքստերի հետ, որոնք երբեմն տեղադրում է իր սոցիալական հարթակում։ Դրանցից մեկում վերամշակված թուղթը խառնում է հողի հետ, որից հետո մուրճի հարվածների ու ձեռքի շփումների արդյունքում ստանում հացի լանդշաֆտներ։ «Այս մակերեսը՝ հացի լանդշաֆտը, որ ստացել եմ իմ ձեռքի հետքն է, երբ ծառի կեղևի վրա հետք եմ տեսնում, անպայման շոշափում եմ՝ հասկանալու համար թե ինչու է կեղևը այդպես ոլորվել և ինչ խնդիր կա։ Եթե բնությունն իմ խոսքն անգամ չհասկանա, իմ էներգիան, դրա տատանումները կարող է ընկալել»,-ասում է Ալեքսեյը, ով քացախի մնացորդներից պիգմենտներ է ստացել ու դրանով կտավների վրա տարբեր մակերեսներ պատկերել։ Բիոարտի նմուշ դարձած և շրջանակված սև մեղրահացերը շատ ապոկալիպտիկ են թվում։ Ալեքսեյն ասում է՝ մեղուների հետ համագործակցում է, անգամ մեղուներով վիդեոարտ ունի․ «Երբ փեթակները մաքրում էի հաջորդ տարվա համար, այդ պատկերները անսպասելի վիզուալ տեքստեր դարձան ինձ համար։ Սկսեցի հենց այդ պրոցեսը վիդեո անել․ ինչպես եմ մաքրում փեթակները, շուշաթղթում, ապակիով քերում վրայի մոմը, հետո գազով այրում, հականեխում իրականացնում։ Երբ դու գյուղատնտես ես՝ այդ պրոցեսների հմայքը առօրյայում չես տեսնում, որովհետև ծանր, տհաճ աշխատանք է, բայց երբ «գյուղատնտես» լինելուց բացի նաև արվեստագետ ես, դրա մեջ տեսնում ես արվեստ, որը զուգահեռվում է նաև փիլիսոփայական տեքստերի հետ։ Այսինքն այդ դեկոնստրուկտիվիզմի վիճակը բերում եմ իմ առօրյա փորձառություն՝ փոխազդում հողի մշակման, մեղուների փեթակների հետ, որից հետո նոր շերտեր են բացվում ու նոր կոնցեպտներ են ստեղծվում»։ Կենդանի օրգանիզմներից՝ «կենդանի» արվեստ Բիոօրգանիզմներ աճեցնելը Ալեքսեյ Մանուկյանի համար նոր բովանդակություններ ստեղծելու մղում է, որն արվեստայնացվում է իր գործերում։ «Բիոարվեստում ստատիկ վիճակ չկա, միշտ խմորման պրոցես է, բիոօրգանիզմը աճում է՝ գույնը, տեսքը, հոտը փոխվում է ու իր հետ այլ բովանդակություններ է բերում»,-ասում է Ալեքսեյն ու մատնացույց անում պահարանի դարակի վրա դրված տարաները, որոնց մեջ տարբեր կենսաբանական բիոօրգանիզմներ են ապրում ու զարգանում։ Բիոարվեստը բարդ պրոցես է, քանի որ այն զարգացնելու համար մասնագետներ են պետք, գիտության հետ սերտ համագործակցություն, պարբերաբար գիտնականների հետ խորհրդակցելու կարիք է առաջանում, լաբորատորիաներում ինչ-որ բաներ փորձարկելու անհրաժեշտություն․ «Եթե գիտնականը կենսաբանական ինչ-որ երևույթ կարող է պարզապես ֆիքսել որպես փուլ, ես դա կարող եմ արվեստի վերածել, դարձնել հանրային՝ այդ ամենն իմ միջով անցկացնելով, հակառակ դեպքում ինքնանպատակ կլինի, եթե դու մեջը չլինես։ Օրինակ, եթե ուզում ես հասկանալ որևէ արվեստի գործ, մի հարց տուր ինքդ քեզ կամ հենց այդ արվեստագետին․ դու որտե՞ղ ես այստեղ։ Սա շատ կարևոր բան է․ արվեստագետին պետք է տեսնես իր գործի մեջ՝ նրա խորությունը, ասելիքը, տեքստը, բովանդակությունը։ Այնքան ուժեղ, մաքուր պետք է լինի գործը, որ հայելու պես մեջը երևաս»։ Ալեքսեյը բացում է տարրայի կափարիչը և ձեռքի վրա ցուցադրում թթվային միջավայրում ձևավորված ու ապրող կենդանի բիո օրգանիզմները․ «Իրենք մաքուր ջրի մեջ չեն ապրում, իրենց պետք է այդ թթվային միջավայրը, որ զարգանան։ Հիմա եթե սա հանենք դնենք չորանա, դառնալու է բիոպլաստիկ։ Այս նյութը, ըստ ԱԲ-ի, կոչվում է քացախի մայր։ Մի քանի մտքեր կան, թե ինչպես կարող եմ այս նյութը լենդ արտի մեջ օգտագործել, բայց տեխնիկապես դեռ պիտի հասնեմ այդտեղ, որովհետև լաբորատորիայի կարիք ունեմ, որպեսզի դա իրականացնեմ»։ Ալեքսեյը նախատեսում է բիոլաբորատորիա ինստալյացիա ստեղծել, որտեղ մի տարածքում ներկայացված կլինեն այն բոլոր գործիքները, կենդանի օրգանիզմները, փորձարարական նյութերը, որոնց հետ ինքը աշխատում է որպես բիոարտիստ։ Քարերի մեջ ապրող ժամանակ Ալեքսեյ Մանուկյանի արվեստը շերտ առ շերտ բացում է քաղաքի հիշողությունը, անձնական փորձառությունը, բնության ուժը՝ սահմանելով մարդու տեղը։ Այգու անկյունում հեռվից հեռու նկատելի է բազմաշերտ ու բազմաձև քարերի ինստալյացիան, որը բացի արվեստային բովանդակությունից, ունի նաև խիստ կիրառելի նշանակություն։ «Այն, ինչ անում եմ, կոմերցիոն առումով այնքան էլ շահավետ չէ, եթե կոմերցիայի մասին մտածեի՝ այս ձևի արվեստ չէի անի։ Իմ արածը ինդիվիդուալ արտ է, որն ուղղակիորեն կապված է իմ ժամանակի, կենսագրության և միջավայրի հետ»,-ասում է Ալեքսեյը, որի արվեստը ինքնակենսագրական հենքի վրա է կառուցված։ «Սա էլ ինքնակենսագրական ինստալյացիա է, որն այս տարածքի հետ է կապված․ ամենամեծ քարի շերտը երկրաշարժից ավերված շենքերից մի բեկոր է։ Այս տարածքում այդ շենքերի թափոններն են ու սա այնտեղից եմ բերել։ Տակի բետոնը այս թաղամասը կառուցելուց հետո մնացած բետոնն է, որ բերել դատարկել են հենց այստեղ, իսկ փոքրերը ամբողջն իմ ձեռքով հավաքած քարերն են այս հողամասից։ Երբ հեռախոսազանգեր եմ ստանում, երկար խոսակցություն է, սկսում եմ զուգահեռաբար քարեր հավաքել, որը չգիտակցված գործողություն է։ Գարնանը այս քարերը վերածվում են մեղուների համար ջուր վերցնելու տարածքի, անձրևաջրերը լցվում են տարաների մեջ, որը մեղուների համար դառնում է ջուր խմելու վայր։ Ինքը բնական ինստալյացիա է և հենց մեղուների համար»։ Ունենալ ինքնաբավ էկոհամակարգ` արվեստի տնտեսություն Իր տուն արվեստանոցը Ալեքսեյ Մանուկյանը սիրում է մեկ այլ ձևով կոչել՝ «Արվեստի տնտեսություն», որն իրենից ենթադրում է ինքնաբավ տնտեսությամբ ապրող արվեստային մոդել․ «Մենք մի էկոհամակարգ ենք ուզում ստեղծել, որն ինքնաբավ կլինի և կունենա իր կացարանը, ստուդիա-լաբորատորիան, ցուցասրահը։ Մտածում ենք նույնիսկ գետնափոր նկուղային գալերեաներ լինեն, որտեղ թե իմ գործերը կցուցադրվեն, թե այլոց։ Հետաքրքիր է, որ իմ գործերը քաղաքային ցուցասրահների այդ ստերիլ սպիտակ, սալիկապատ տարածքին չեն ինտեգրվում, այդպիսի խնդրի արդեն բախվել եմ ու երբ մեր գալերեան ստեղծենք, այդպես չի լինի, որովհետև հիմքում այլ կոնտեքստ կլինի»։ Վերջում, մեր զրույցին միանում է նաև Ալեքսեյի կինը՝ Արփինեն ու հիշում, որ ի սկզբանե արվեստի տնտեսության մաս էր կազմում նաև տարբեր բույսերի, հատապտուղների, բանջարեղենի, մրգատու ծառերի մշակումը, խանութներից չէին օգտվում, սպառում էին միայն իրենց այգու բերքը, ձմռան պաշարն էլ բացառապես իրենց ձեռքով էին պատրաստում․ «Այդպես մի 5-6 տարի արեցինք, բայց ֆիզիկապես շատ դժվար էր»,-ասում է Արփինեն ու նշում, որ իրենց այգու բարիքներից այսօր էլ գինի ու քացախ են ստանում, մեղր են քամում, իսկ մրգերից առատորեն բաժին են հանում թե բարեկամներին, թե հարևաններին։ «Ընդհանրապես տնտեսության գաղափարը քիչ միջոցներով շատ բան ստանալն է, նույնը մեր արվեստային տնտեսության դեպքում է․ մենք հիմնականում նյութ չենք գնում, ինչ-որ բաներ հարևանները կբերեն, հողը կփորենք, դաշտ կգնանք, այսինքն ամենանվազագույն միջոցներով արվեստի տնտեսություն ենք պահում»,-ասում է Ալեքսեյն ու նկատում, որ հարևան կազմակերպությունը թղթե տուփեր է բերում պարսպից այս կողմ դնում, որն ինքը վերցնում է և վերամշակում․ «կամ կարող է հարևանները գան ասեն մետաղական թափոններ բերե՞նք, այսինքն անգամ նրանք են ներգրավված այս պրոցեսում, մի խոսքով հարևանությունով արտ ենք անում»,-կատակում է Ալեքսեյն ու հավելում, որ արվեստ «անելու» այս ողջ ընթացքը դառնում է նաև համայնքային ծես, որտեղ նյութերը նոր կյանք են ստանում, իսկ արվեստը դառնում է համակեցության ձև։ Ահա այս նոր աշխարհում արվեստն ամոքում է, իսկ բնությունը դարմանում։ Ֆոտոպատմության հեղինակ՝ ՍՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





