Քաղաքականություն
Եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովն առաջին նիստը գումարեց
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 7 անդամներն այսօր Ազգային ժողովում եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի առաջին նիստը գումարեցին: Իշխանականները պնդում են, թե «Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում ճգնաժամ է առաջացել և դրա արդյունքում Եկեղեցին չի կատատարում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում իր բացառիկ առաքելությունը»: Քննիչ հանձնաժողովի նախագահ, իշխանական պատգամավոր Արման Եղոյանը ներկայացրեց, թե ինչ ընթացակարգով են աշխատելու։ Նիստերը կանցկացվեն բաց, եթե փակ անցկացնելու որոշում չլինի։ ՔՊ ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների, նաև Վեհափառի վերաբերյալ ունեն իրենց հստակ գնահատականները։ Այս պայմաններում քննիչ հանձնաժողովն, այն էլ՝ առանց ընդդիմադիրների, կարո՞ղ է հավասարակշռված քննարկում իրականացնել և հանգել օբյեկտիվ եզրակացության։ Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասաց, թե անդրադառնալու են ոչ թե անձանց, այլ երևույթների։ «Հանձնաժողովն անձանց վերաբերյալ հարց չի քննարկելու, առաջարկություններ չի անելու, քննելու է հարաբերությունների վերաբերյալ հարցեր և ներկայացնելու է հարաբերությունների վերաբերյալ առաջարկություններ», - շեշտեց հանձնաժողովի նախագահը։ Իսկ ինչպե՞ս են պարզելու՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը խախտե՞լ է կուսակրոնության ուխտը, ինչպես հենց իրենք են պնդում արդեն տևական ժամանակ։ Եղոյանը կրկնեց՝ հանձնաժողովն անձանց հարց չի քննարկելու։ Հանձնաժողովը ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ՝ խորհրդարանի հոկտեմբերի 6-ի նիստում։ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին և կազմի ձևավորմանը՝ այն համարելով անօրինական ու հակասահմանադրական։ Կառավարությունը այս ամսվա սկզբին հրապարակել էր «եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցը»: Այն կազմվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, ով անցած տարվանից փորձում է գահից հեռացնել Հայ Առաքելական եկեղեցու հովվապետին՝ Գարեգին Երկրորդին ներկայացնելով մի շարք լուրջ մեղադրանքներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կառավարության զեկույցն արդեն «հակասահմանադրական, հակականոնական և անօրինական» է որակել, անհամաձայնություն է հայտնել խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման առնչությամբ:
Աղբյուր՝ Ազատություն — Հասարակություն





