Մշակույթ
ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է տարածաշրջանում «կարճ, բայց ինտենսիվ ռազմագործողության» մասին
Միացյալ Նահանգները դիվանագիտական և ռազմական խողովակներով Պարսից ծոցի արաբական երկրներին նախազգուշացրել է տարածաշրջանում «կարճ, բայց ինտենսիվ ռազմական գործողության» մտադրության մասին, որը կարող է սկսվել նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ The Wall Street Journal-ի աղբյուրների տվյալներով՝ ամերիկյան զինուժը Տեխասից Միջին Արևելք է փոխադրում Patriot տեսակի զենիթահրթիռային համակարգեր։ Բացի այդ, ամերիկյան կողմը համալրում է տարածաշրջանում տեղակայված իր զինամթերքի պաշարները։ Աղբյուրների փոխանցմամբ՝ տարածաշրջանում ամերիկյան ռազմաօդային ուժերը ևս պատրաստվում են գործողությանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատի աղբյուրներն էլ պնդում են, որ ԱՄՆ առաջնորդն այս հարցով դեռևս վերջնական որոշում չունի, սակայն հակված է Իրանի դեմ լայնածավալ հարձակման իրականացմանը։ Հնարավոր հարվածների թիրախում կարող են հայտնվել Իրանի ենթակառուցվածքներն ու միջուկային օբյեկտները։ ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կանցկացվեն Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, որոնց արդյունքում հանրապետականները կարող են կորցնել օրենսդիր մարմնում իրենց մեծամասնությունը։ Հոկտեմբերի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մինչև միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա, քանի որ կողմերի միջև «արդյունավետ բանակցություններ» են ընթանում։ Սակայն մի քանի օր անց ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իրանում այլևս չկա որևէ մեկը, ում հետ հնարավոր կլինի բանակցել։ «Հնարավոր է՝ մենք չափազանց հեռուն ենք գնացել ղեկավարների հարցում, քանի որ այլևս չենք հասկանում, թե, գրողը տանի, ում հետ գործ ունենք»,- ասել էր Թրամփը։ Լուսանկարը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի մամուլի ծառայության
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





