Իսրայելում քվեաթերթիկների 84,5%-ի հաշվարկից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն՝ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիքուդը» ստանում է 54 մանդատ, իսկ «Յաշար» կուսակցության ղեկավար Գադի Էյզենկոտի գլխավորած դաշինքը՝ 49 մանդատ, գրում է The Times of Israel-ը: Արաբական կուսակցությունները՝ «Միացյալ ցուցակը» և «Ռաամը», նվազեցնում են իրենց ներկայացվածությունը Կնեսեթում՝ ստանալով, ընդհանուր առմամբ, 17 մանդատ։ Արդյունքները նախնական են և կփոխվեն ձայների հաշվարկի շարունակմանը զուգահեռ։ Կրկնակի ծրարներով քվեարկածների, այդ թվում՝ զինծառայողների ձայները, կհաշվարկվեն ավելի ուշ։ Նախնական տվյալները վկայում են, որ ո՛չ Նեթանյահուի իշխող դաշինքը, ո՛չ էլ նրա գլխավոր մրցակիցը՝ բանակի նախկին բարձրաստիճան հրամանատար Գադի Էյզենկոտի գլխավորած դաշինքը, չեն ստացել խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 61 մանդատը։ Միաժամանակ, Նեթանյահուն արդեն իսկ մերժել է արաբական կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու գաղափարը՝ այն որակելով դավաճանություն։ Այդ կուսակցությունների ընտրողները կազմում են Իսրայելի բնակչության 20%-ը։ «Մենք պետք է ձևավորենք ուժեղ, աջակողմյան, ազգայնական կառավարություն։ Մենք չպետք է վտանգի ենթարկենք Իսրայելը և ձևավորենք կառավարություն, որը հենվում է հակասիոնիստական արաբական կուսակցությունների վրա»,- ասել է նա։ Իր հերթին, կենտրոնամետ-աջակողմյան հայացքներ ունեցող, Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Էյզենկոտը բաց է թողել արաբական կուսակցությունների հետ համագործակցության հնարավորությունը՝ որոշակի պայմանների դեպքում։ Սակայն նրա մյուս հավանական գործընկերներից ոմանք բացառել են նման տարբերակը։ Քվեարկության վերջնական արդյունքները սպասվում են առաջիկա օրերին։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում Նմանատիպ նյութեր Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը