Հոկտեմբերի 28-ին Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերի մասնակցությամբ Երևանում մեկնարկել է Հայաստան-Սլովենիա գործարար համաժողով: Հայաստանի և Սլովենիայի նախարարները հանդես են եկել բացման ելույթներով՝ ընդգծելով առկա տնտեսական ու գործարար կապերի զարգացման համար ստեղծված նպաստավոր բազում նախադրյալները և հնարավորությունների առավելագույնս իրացման հարցում երկու կառավարությունների քաղաքական աջակցությունը։ Համաժողովին մասնակցում են առաջատար տեխնոլոգիաների, ավիացիայի, արդյունաբերության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և ներդրումների ոլորտների հայկական և Սլովենիայի ԱԳ նախարարի պատվիրակությանն ուղեկցող սլովենական ընկերությունների ներկայացուցիչներ։ Համաժողովի բացմանը հաջորդել է երկու կողմերից մասնակցող գործարարների ծանոթացում, Հայաստանում և Սլովենիայում գործարար միջավայրի ներկայացում, ինչպես նաև գործարար շրջանակների միջև հանդիպումներ: Հոկտեմբերի 30-ին ֆորումի աշխատանքները կշարունակվեն նաև բիզնես-կառավարություն ձևաչափով հանդիպումներով, որոնք ընկերություններին հնարավորություն կտան շփվելու Հայաստանի համապատասխան կառույցների հետ և քննարկելու Հայաստանում բիզնես ծավալելուն առնչվող գործնական հարցեր: Ստորև՝ նախարար Միրզոյանի ելույթն ամբողջությամբ: Հարգելի՛ նախարար Կայզեր, Հայկական և սլովենական գործարար համայնքների հարգելի՛ ներկայացուցիչներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ ողջունելու ձեզ Երևանում Հայաստան-Սլովենիա-ԵՄ գործարար համաժողովի շրջանակում։ Առանձնահատուկ ուրախ եմ այս համաժողովն իմ հարգարժան գործընկերոջ՝ նախարար Տոնե Կայզերի հետ բացելու և սլովենական գործարար պատվիրակությանը Հայաստանում ողջունելու առիթով: Հարգելի՛ գործընկերներ, Ինչպես քաջ հայտնի է, բիզնեսը նախ և առաջ հնարավորություններ է փնտրում այնտեղ, որտեղ առկա է անվտանգություն և խաղաղ միջավայրում աճելու հեռանկար: Ինչպես գիտեք, անցյալ տարի Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովից և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումից հետո իմ երկիրը ջանք չի խնայում՝ տարածաշրջանը վերածելու խաղաղության խաչմերուկի՝ հիմնված տնտեսական և տրանսպորտային փոխկապակցվածության ու փոխադարձ շահի վրա: Նայելով քարտեզին՝ ակնհայտ է դառնում, որ խաչմերուկի այս դերը ոչ մի դեպքում չի սահմանափակվում միայն մեր տարածաշրջանով․ ընդհակառակը, այն ընձեռում է նոր հնարավորություններ Եվրոպայից դեպի Ասիա և հակառակ ուղղությամբ: Հիմա, երբ միջազգային առևտուրը ներառված է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մանդատում, տնտեսական դիվանագիտությունը դարձել է մեր աշխատանքի առավել կարևոր առաջնահերթություններից: Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնես ոլորտին՝ նոր շուկաներ մուտք գործելու և միջազգային գործընկերություններ զարգացնելու ուղղությամբ: Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Սլովենիայի հետ տնտեսական համագործակցության ամրապնդմանը, քանի որ մենք հանձնառու ենք դիվերսիֆիկացնելու մեր արտահանման շուկաները, ներգրավելու ներդրումներ և խթանելու նորարարությունը: Հայաստանի տնտեսական զարգացումն ապահովում է նպաստավոր միջավայր՝ մեր համագործակցության ընդլայնման համար․ 2026 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 7․3%-ով՝ նոր հնարավորություններ բացելով միջազգային բիզնեսների համար: Ուրախալի է արձանագրելը, որ մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները նույնպես զգալի թափ են հավաքում․ 2026 թվականի առաջին 8 ամիսներին Հայաստանի և Սլովենիայի միջև առևտրաշրջանառությունը հասել է շուրջ 22․1 միլիոն եվրոյի (24․8 միլիոն ԱՄՆ դոլար), ինչն արդեն գերազանցում է 2025 թվականի ողջ ընթացքում արձանագրված ընդհանուր ծավալը: Ավելին, Հայաստանում սլովենական կապիտալով արդեն իսկ գործող 19 ընկերություններն ամուր հիմք են ստեղծում՝ ներդրումային ավելի հաստատուն գործընկերություն կառուցելու համար: Մեր նպատակն է այս ոգևորիչ զարգացումները վերածել առևտրային ավելի շոշափելի հոսքերի, նոր ներդրումների և մեր գործարար համայնքների միջև երկարաժամկետ համագործակցության: Թո՛ւյլ տվեք ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության՝ Հայաստանի համար նախատեսված առևտրային ինքնավար միջոցները, որոնք ուժի մեջ են մտել հոկտեմբերի 10-ից: Այս միջոցները ժամանակավորապես ազատականացնում են դեպի Եվրոպական միություն հայկական արտահանման գրեթե 80%-ը՝ հայ արտադրողների համար ստեղծելով լրացուցիչ հնարավորություններ՝ եվրոպական շուկաներ մուտք գործելու համար: Այս զարգացումները սերտորեն կապված են Հայաստանի եվրոպական ձգտումների և Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման մեր հանձնառության հետ: 2025 թվականի դեկտեմբերին ընդունված «Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը» շրջանակ է տրամադրում ավելի սերտ տնտեսական համագործակցության, կարգավորումների համապատասխանեցման և փոխկապակցվածության համար՝ ստեղծելով լրացուցիչ հնարավորություններ գործարարության համար: Հարգարժա՛ն հյուրեր, Ուրախ եմ, որ այսօրվա համաժողովը մեկտեղում է ընկերությունների, որոնք ներկայացնում են պաշտպանության և առաջատար տեխնոլոգիաների, ավիացիայի, արդյունաբերական անվտանգության, շինարարության և սպորտային ենթակառուցվածքների, զբոսաշրջության, հյուրընկալության և ներդրումների ոլորտները: Մենք տեսնում ենք տեխնոլոգիական գործընկերության, համատեղ ծրագրերի և փոխադարձ ներդրումների հեռանկարային հնարավորություններ այս բոլոր ոլորտներում: Հատկապես ուրախալի է, որ այսօրվա համաժողովի պաշտոնական բացումից հետո հայկական և սլովենական ընկերություններն անմիջական շփումներ կունենան B2B ձևաչափով հանդիպումների միջոցով: Լիահույս եմ, որ այս քննարկումները կհանգեցնեն հստակ պայմանավորվածությունների, նոր գործընկերությունների և համատեղ նախաձեռնությունների: Նույնչափ ողջունելի է, որ հոկտեմբերի 30-ին նախատեսված են B2G ձևաչափով հանդիպումներ, որոնք ընկերություններին հնարավորություն կտան շփվելու Հայաստանի համապատասխան կառույցների հետ և քննարկելու Հայաստանում բիզնես ծավալելուն առնչվող գործնական հարցեր: Այս առումով ցանկանում եմ ընդգծել «Էնթըրփրայզ Արմենիա»-ի և «Սփիրիթ Սլովենիա»-ի դերը՝ գործարար կապերի հաստատմանը նպաստելու և համագործակցության նոր հնարավորություններ վերհանելու գործում: Ավարտելով՝ բոլոր մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ քննարկումներ, հաջողված հանդիպումներ և բեղմնավոր համագործակցություն: Լուսանկարը՝ ԱԳՄԱ-ի