Մշակույթ
Ֆոն դեր Լայենը համառորեն առաջ է մղում ԵՄ ասոցացված անդամակցության գաղափարը Կանադայի համար
Հոկտեմբերի 29-30 Մոնրեալում ընթացող Կանադա-ԵՄ գագաթնաժողովի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նորից խոսել է Կանադայի համար ԵՄ «ասոցացված անդամակցության» մասին։ «Մեր գաղափարը պարզ է. սա «ասոցացում է՝ առանց անդամակցության»,- ասել է ֆոն դեր Լայենը C.D. Howe Institute-ում ունեցած իր ելույթի ժամանակ։ Ըստ Ֆոն դեր Լայենի՝ սա համագործակցության մի նոր ձևաչափ է, որը ԵՄ-ն առաջարկում է Եվրոպայից դուրս գտնվող միայն ամենամոտ գործընկերներին, որոնք պատրաստ են ընդլայնել հարաբերությունների սահմանները։ Նա նշել է, որ ձևաչափը ենթադրելու է երեք ուղղություն. ԵՄ-Կանադա քաղաքականությունների մշակման ու կառավարման հարցերում ավելի սերտ համապատասխանեցում, ինչպես նաև փոխադարձ մասնակցություն միմյանց ծրագրերում, ինչպիսիք են, օրինակ, Erasmus+-ն ու Horizon Europe-ը։ Այնուամենայնիվ, Եվրամիության որոշ անդամ երկրներ համաձայն չեն այս նոր ձևաչափի հետ: Ինչպես գրել էինք, ԵՄ-Կանադա գագաթնաժողովից առաջ Գերմանիան և այլ երկրներ արգելափակել էին ԵՄ-ի հայտարարությունը, որում Կանադան որպես «ասոցացված անդամ» բնութագրող ձևակերպում կար: ԵՄ-ում կա մտավախություն, որ Կանադան արտոնյալ վերաբերմունքի է արժանանում։ Ֆոն դեր Լայենի գաղափարի դեմ հանդես եկող խմբի գլխում, ըստ երևույթին, Գերմանիան է։ Կանադայում Գերմանիայի դեսպան Մաթիաս Լյութենբերգը CTV News-ին տված հարցազրույցում անդրադարձել է ձևակերպմանը և ասել է, որ անցած ամիս ասոցացված անդամակցության մասին Ֆոն դեր Լայենի հնչեցրած հայտարարությունը զարմացրել էր որոշ ԵՄ անդամ երկրներին։ Ըստ դեսպանի, այս տերմինի շուրջ կան տարաձայնություններ։ «Գերմանիան «ասոցացված անդամակցություն» տերմինն օգտագործում է բոլորովին այլ բանի համար, մասնավորապես՝ ԵՄ-Ուկրաինա, և հնարավոր է նաև ԵՄ-Մոլդովա հարաբերությունների համար»,- ասել է նա։ Գագաթնաժողովի ընթացքում կանադացի տարբեր պաշտոնյաներ նշել են, որ Կանադան դեռևս չի ծրագրում վճարել ԵՄ անդամակցության համար և որ փոխարենը Կանադան կմասնակցի Եվրամիության այն ծրագրերին, որոնք ձեռնտու են երկու կողմերին: Կանադայի վարչապետ Մարկ Քարնին նշել է, թե կարևոր չէ ինչ անվանում կստանա հարաբերությունների այս նոր ձևաչափը։ «Կարևորն այն է, թե ինչ փոփոխություն կբերի սա կանադացիների կյանքում», - ասել է նա։ Նշենք, որ Կանադա-ԵՄ գագաթնաժողովի ավարտին կողմերը հանդես են գալու համատեղ հայտարարությամբ, որում նշելու են հարաբերությունների առաջնահերությունները մոտ ապագայի համար։ Լուսանկարը՝ Christopher Katsarov, The Canadian Press via AP
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





