Հասարակություն
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25-ամյա Արտյոմին դանակահարել են, ապա տղային տարել և գցել են ջրով լի լոգարանի մեջ՝ փորձելով արյունը և հետքերը մաքրել: Սա ուղիղ 12 տարի առաջ տեղի ունեցած սպանության պաշտոնական վարկածն է, որը տարիներ շարունակ առաջ է քաշում Քննչական կոմիտեն, սակայն չի ստացվում այն դատարանում ապացուցել։ «Ես թույլ չեմ տա, որ հանցագործ համակարգը գործարքի առարկա դարձնի իմ 25 տարեկան տղայի արյունը»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը։ Մայրը պնդում է՝ որդու սպանությունը պատվիրված է եղել: Factor TV-ն 2 տարի առաջ էր անդրադարձել այս գործին, Ռուզաննան այդ ժամանակ որոշ մանրամասներ էր հայտնել․ «Տեսել եմ տունն ամբողջ կոտրված վիճակով, արյան մեջ կորած, արյան հեղեղ էր տունը, ոնց որ եղեռն իրականացված լիներ. տան պատերը, վարագույրը, փափուկ կահույքը, պաստառները կոտրված էին, մի սարսափազդու վիճակ, որ ծնողը կմտածեր՝ այդտեղ տեղի է ունեցել եղեռն: Ես ունեմ անձնական թշնամի՝ քաղաքացիաիրավական հարաբերությունների հիմքով. դատարանում առաջ եկած փաստերի հիմքով դատական նիստը շահեցի վերջինիս նկատմամբ: 1 ամիս անց Արտյոմիս սպանությունն իրականացվեց»: Իր տանը դաժանորեն սպանված Արտյոմ Ադանալյանի մահից 12 տարի անց մեղավորները դեռևս հայտնաբերված չեն, իրեղեն ապացույցների մեծ մասը կորած է համարվում կամ պիտանի չէ հետազոտման համար, իսկ գործն արդեն 6-րդ դատավորի քննությանն է հանձնվել։ «Առանձնապես ծանր հանցագործությունը 12 տարի այսպիսի հանցավոր անգործության մատնելը, ես կարծում եմ, արդեն անբարոյականություն է, որովհետև 12 տարի սպանված տղայի մորը տանել դատարան ու բերել, քաշ տալ 12 տարի, և նորից այս վերջին՝ վեցերորդ դատավորը… Փոխվել են վեց դատավորներ, վեց մեղադրողներ, վեցն էլ թողել են իրենց հանցավոր անգործության, ինչպես նաև կողմնակալ գործողությունների ծանր հետևանքներն այս գործի վրա»,- ասում է մայրը։ Եթե նախորդ դատավորները գործի քննությունը սկսել էին կիսատ թողնված կետից, ապա 6-րդ դատավորը որոշում է կայացրել ամբողջ գործի քննությունը նորից վերսկսել։ «Տասը տարվա աշխատանք էր, ամբողջությամբ զրոյացավ։ Ավելին՝ դատավորի համար նախկինում կատարված գործողությունները որևէ դեր չունեն։ Անգամ մենք միջնորդություն ունեինք բավարարված փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, անգամ այդ կայացված որոշումը, որն ուժի մեջ էր, որևէ ատյանի կողմից չէր վերացվել, չիրացվեց փաստացի»,- ընդգծում է տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արմինե Ֆանյանը։ Թեև որդեկորույս մայրը տարիներ շարունակ բարձրաձայնում է, որ իր որդու սպանությունը խմբակային է տեղի ունեցել, 12 տարիների ընթացքում մեղադրյալի աթոռին հայտնվեց միայն մեկ անձ, որը 2018 թվականին դատապարտվեց 11 տարի ժամկետով ազատազրկման, սակայն վերաքննիչ բողոք ներկայացնելուց և գործը նոր քննության ուղարկվելուց հետո ազատ արձակվեց։ «Սա պետության դանդաղկոտության արդյունքն է, որի ռիսկը կրում է կողմը, այս դեպքում՝ տուժող կողմը։ Իր որդուն սպանած անձը, ձեռքերը թափ տալով, ազատության մեջ գալիս, գնում է աչքի առաջ, մի բան էլ հոխորտում է»,- ասում է Ֆանյանը։ Ներպետական ատյանները սպառելուց ու 12 տարի այդպես էլ արդյունքի չհասնելուց հետո, տուժող կողմը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ «Սպասելիքներ ունենք, ըստ էության, այնտեղ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում ենք տեսել ընթացակարգային բաղադրիչի մասով, որ պետությունը սպանության վերաբերյալ գործը քննելու, պատշաճ քննելու իր պարտականությունը չի կատարել։ Երկրորդ հոդվածի խախտում պետք է արձանագրվի․ իհարկե, արդեն պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած կլինեն, բայց գոնե տուժողի համար, գուցե, մի փոքր մխիթարանք լինի, որ գոնե ինչ-որ տեղ նա հասավ արդարության, գոնե ինչ-որ տեղ»,- ցավով նշում է փաստաբանը։ Տուժող կողմն այնքան է հիասթափվել նախաքննական և դատական մարմիններից, որ որևէ հույս չունի հասնել արդարության և պատժված տեսել որդուն սպանողներին։ Ռուզաննա Ադանալյանն անգամ իրավաբան է դարձել՝ ամբողջ գործն իրավական կողմից ուսումնասիրելու համար։ «Հայաստանում կա՞ այսպիսի գործ, որ սպանության գործը 12 տարի մնա դատարանի դարակներում, փոշու մեջ մնա։ Դատարան, որտեղից իրեղեն ապացույցներ են կորել, դատարան, որտեղ վեց դատավոր փոխվել է, վեցն էլ իր «քյալագյոզությունն» է արել այս գործի գլխին։ Ես չգիտեմ՝ ուրիշ ինչ բառերով կարելի է այս ամենն ասել։ Եթե արդարադատություն չեք կարողանում իրականացնել, ես կոչ եմ անում, որ իմ տղայի գործի նյութերը տվեք ինձ, առնեմ գնամ»,- ասում է որդեկորույս մայրը։ Եվ մինչ գործը կրկին ու նորից են քննում, մոտենում է գործի վաղեմության ժամկետը․ դատական ատյանները 3 տարի ժամանակ ունեն գործը պատշաճ քննելու և մեղավորին կամ մեղավորներին արդարադատության առաջ կանգնեցնելու համար։ Հակառակ դեպքում՝ 25-ամյա Արտյոմ Ադանալյանի առանձնակի դաժանությամբ սպանությունն այդպես էլ չբացահայտված կմնա, իսկ կատարողները՝ անպատիժ և ազատության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։ Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





