Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում սրված հարաբերություններում, կարծես, լարվածության նոր ալիք է բարձրանում։ Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ մինչ Ադրբեջանի և Թուրքիայի միջև գլխաշորի արգելքի շուրջ դիվանագիտական ​​լարվածությունը շարունակվում է, Բաքվի վարչակազմն ուշագրավ հայտարարություն է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունների վերաբերյալ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն հոկտեմբերի 27-ին հայտարարել է, որ իրենք «ողջունում են» ԱՄԷ-ի պետնախարար Լանա Զաքի Նուսեյբեհին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու նախաձեռնությունը։ Հաջիզադեն նշել է, որ թեկնածուները պետք է գնահատվեն նրանց դիվանագիտական ​​փորձի, մասնագիտական ​​որակավորման, անաչառության և անդամ պետությունների միջև համաձայնության հասնելու ունակության հիման վրա։ Հայտարարության մեջ Բաքուն Նուսեյբեի թեկնածությանը, ընդհանուր առմամբ, դրական է վերաբերվել, սակայն հստակ պարտավորություն չի ստանձնել ընտրությունների ժամանակ նրա օգտին քվեարկելու վերաբերյալ։ Նույն հայտարարությունը, սակայն, չի արվել Թուրքիայի թեկնածուի վերաբերյալ։ Հաղորդվում է, որ Թուրքիան պատրաստվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել նախկին արտգործնախարար, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին։ Հոկտեմբերի 2-ի Associated Press-ի հրապարակումը պնդում էր, որ Անկարան սկսել է դիվանագիտական ​​​​քննարկումները Սինիրլիօղլուի վերաբերյալ։ «Ադրբեջանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցում է ԱՄԷ-ի թեկնածու Լանա Նուսեյբեին, այլ ոչ թե Ֆերիդուն Սինիրլիօղլուին, որի թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարել էր Թուրքիան»,- X-ում գրել է լրագրող Նևզաթ Չիչեքը։ Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում առաջացած դիվանագիտական լարվածության հիմքում Ադրբեջանում գլխաշորով պետական դպրոցներ հաճախելու արգելքն է։ Այս սահմանափակումը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում, Թուրքիայից նույնպես հնչել են համապատասխան հայտարարություններ։ Սակայն Անկարայից հնչած արձագանքները քննադատություն են առաջացրել Բաքվում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած «Նոր Ադրբեջան» կուսակցությունը Թուրքիայի կողմից արված հայտարարությունները գնահատել է որպես երկրի ներքին գործերին միջամտություն։ Երկու երկրների միջև լարվածությայն ֆոնին ուշադրությունը սևեռվել էր Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին, որը տեղի ունեցավ Անկարայում 2026 թվականի հոկտեմբերի 29-30-ը: Ենթադրություններ էին առաջացել՝ արդյո՞ք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի գագաթնաժողովին։ Այցն այդպես էլ տեղի չունեցավ: Անկարայում անցկացված գագաթնաժողովին Ադրբեջանը ներկայացնում էր արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին Նմանատիպ նյութեր Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի» ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»