Այսօր ՀՀ 10 մարզերի 21 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են ընթանում։ Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հակոբ Դավիթավյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ ընտրական գործընթացն ընթանում է նորմալ, սակայն առկա են որոշակի տեխնիկական բարդություններ։ Նրա խոսքով՝ դրոշմանիշերի պաշտպանական թաղանթը («պլյոնկան») պոկվում է, ինչը համատարած խնդիր է նաև մյուս ընտրատեղամասերում։ «Այն դեպքերում, երբ թաղանթը պոկվում է դեռ թղթի վրա, դրանք առանձին են հավաքում՝ հետագայում ներկայացնելու համար։ Իսկ եթե թաղանթը պոկվում է արդեն քվեաթերթիկի վրա, սկզբնական ցուցումով դրանք սոսնձում էին քվեաթերթիկի համապատասխան հատվածում, սակայն հետագայում հանձնարարվել է թողնել այնպես, ինչպես կա»,- նշեց հանձնաժողովի նախագահը։ Factor TV-ի հետ զրույցի ընթացքում ընտրատեղամասի նախագահին զանգահարեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Ավելի ուշ Դավիթավյանը նշեց, որ ուղիղ տեսանկարահանող սարքերի միջոցով ԿԸՀ-ում ֆիքսել էին, որ քվեախցիկի հատվածում տպավորություն է ստեղծվում, թե մի քանի հոգի են գտնվում։ Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ինքը պարզաբանել է, որ պատճառը հատկացված տարածքի սղությունն է։ «Քանի որ սենյակը փոքր է, սպասողներն ու ներկաները կանգնում են միմյանց մոտ, ինչն էլ տեսախցիկով դիտելիս ստեղծում է քվեախցիկի մոտ կուտակման կամ հետևելու տպավորություն։ Այստեղ գտնվող վստահված անձինք ևս հետևում են ընթացքին, և իրականում քվեախցիկում մեկից ավելի անձանց գտնվելու կամ քվեարկության գաղտնիության խախտում առկա չէ»,- նշեց նա։ 25/6 ընտրատեղամասում գրանցված է 1415 ընտրող։ Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ նման թվով ընտրողների համար ցանկալի կլիներ ավելի ընդարձակ տարածք, սակայն հատկացվել է տվյալ սենյակը. «Չնայած տարածքային սահմանափակումներին՝ քաղաքացիների մասնակցությունը բավականին ակտիվ է. այս պահին քվեարկությանն արդեն մասնակցել էր շուրջ 250 ընտրող»։ Ստեփանավան համայնքում ընտրապայքարին մասնակցում են 4 քաղաքական ուժեր՝ «Գործարար» կուսակցությունը (Արմեն Գրիգորյան), «Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Ալեքսանյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Արայիկ Ներսիսյան) և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը (Արսեն Գևորգյան)։ Մանրամասները՝ տեսանյութում։ Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ