Չնայած ընտրողների թվի և կտրոնների միջև անհամապատասխանությանը՝ Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվել է։ Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Սարիբեկյանը պնդեց, որ խնդիր չկա: Factor TV-ի հարցին՝ թե որքան է ընտրողների ու կտրոնների տարբերությունը, հանձնաժողովի անդամներից մեկն ասաց, թե միայն մեկն է, սակայն այլ անդամներ ընթացքում ավելի մեծ թվով էին տարբերություն նշում: Հանձնաժողովի անդամներից մեկն էլ պնդեց, թե հնարավոր է՝ կտրոնը ծրարի մեջ դրած լինեն: Ժամը 20:00-ին սահմանված կարգով փակվել են 38/22 ընտրատեղամասի դռները: Այդ պահի դրությամբ սենյակում քվեարկող չի եղել: Հիշեցնենք, որ Իջևանում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է երկու քաղաքական ուժ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանը, իսկ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակը՝ Լևոն Վարդապետյանը։ Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի 21 համայնքում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ։ Դրանցից 19-ում ընտրություններն անցկացվում են համամասնական, իսկ Ֆիոլետովո և Շամիրամ համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։ Իջևանում ընտրողների ցուցակում ընդգրկված է 29 760 քաղաքացի։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ նրանց թիվը նվազել է 5342-ով կամ 15.2%-ով։ Ընտրողների թվի նվազման պատճառներից մեկը Ընտրական օրենսգրքի նոր պահանջն է․ ՏԻՄ ընտրություններին քվեարկելու համար ՀՀ քաղաքացին պետք է քվեարկության օրվան նախորդող 730 օրերի ընթացքում առնվազն 366 օր փաստացի գտնված լինի Հայաստանում։ Մանրամասները՝ տեսանյութում: Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ