Միջազգային
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի երեկոյան հայտարարել է, որ Նորվեգիան «վատն է»՝ վրդովմունք արտահայտելով այն կապակցությամբ, որ իրեն անտեսել են Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման հարցում, գրում է Politico-ն։ Չնայած Իրանի դեմ պատերազմ սկսելուն և Վենեսուելայի առաջնորդին իշխանությունից հեռացնելուն՝ Թրամփն ակտիվորեն ընդգծել է իր՝ որպես խաղաղարարի վաստակը՝ պնդելով, որ իր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում կարգավորել է առնվազն ութ հակամարտություն։ Օսլոյում գործող Նոբելյան կոմիտեն, սակայն, երկու անգամ նրան նախապատվություն չի տվել․ 2025 թվականին մրցանակը շնորհվել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին, իսկ 2026 թվականին՝ հարավաֆրիկացի իրավաբան Նավի Փիլային՝ խաղաղության և միջազգային իրավունքի խթանմանն ուղղված նրա ջանքերի համար։ «Իսկ ի՞նչ կա իմ մասին։ Այնպես որ՝ ես այնքան էլ սիրով չեմ վերաբերվում Նորվեգիային։ Անկեղծ ասած՝ Նորվեգիան վատն է։ Իրականում Նորվեգիան վերածվել է մի իսկական զուգարան-երկրի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը Միչիգան նահանգի Փորթ Հյուրոն քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում։ Թրամփը խոսել է ԱՄՆ ներգաղթային քաղաքականության մասին, երբ անսպասելիորեն անցել է Նորվեգիայի հասցեին քննադատության։ «Մենք համագործակցում ենք Դանիայի հետ։ Լավ երկիր է, լավ ու հաճելի երկիր։ Եթե Դանիայից որևէ մեկը ցանկանա գալ մեր երկիր, ես միայն կողմ կլինեմ։ Բայց պետք է ասեմ՝ Սոմալիից եկողների հարցում… Ես արդեն կուշտ եմ նրանցից։ Կուշտ եմ։ Ես շատ ավելի եմ նախընտրում Դանիային։ Դանիայից մարդկանց կընդունենք։ Շվեդիայից, Նորվեգիայից՝ չգիտեմ… Կարծում եմ՝ ոչ, որովհետև ինձ Խաղաղության Նոբելյան մրցանակ չտվեցին։ Հետևաբար, ես չեմ ուզում որևէ մեկին Նորվեգիայից և չեմ ուզում որևէ կապ ունենալ Նորվեգիայի հետ»,- ասել է Թրամփը։ Արձագանքելով Թրամփի հայտարարություններին՝ Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդեն կրկին ընդգծել է Նոբելյան կոմիտեի անկախությունը։ «Նա շատ լավ գիտի, որ Նոբելյան կոմիտեն անկախ է։ Մենք նրան հիշեցրել ենք այդ մասին, եթե որևէ մեկը կասկածում է, և այդ սկզբունքն ուժի մեջ է մնում»,- նորվեգական NRK լրատվամիջոցին ասել է Էյդեն։ Թեև Թրամփը 2025 թվականին չի արժանացել Նոբելյան մրցանակին, այն ստացած վենեսուելացի գործիչ Մարիա Կորինա Մաչադոն այս տարվա հունվարին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ նրան է նվիրել իր մեդալը։ «Իսկ մրցանակը ստացած Մարիան շատ լավն էր։ Նա ասել էր՝ «Չեմ կարող հավատալ, որ ես եմ ստացել այն։ Այս մրցանակը պետք է տրվի նախագահ Թրամփին», և նա ինձ նվիրեց իր Խաղաղության Նոբելյան մրցանակի մեդալը։ Դա այնքան հաճելի էր։ Շատ հաճելի։ Ես դա չեմ մոռանա։ Դա իսկապես շատ հաճելի էր»,- հանրահավաքի ժամանակ հայտարարել է Թրամփը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում Բաքուն Իրանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ դպրոցներում հիջաբի արգելքի ֆոնին Էրդողանի խորհրդականը մեկնաբանել է Ադրբեջանին քննադատելու համար իր պաշտոնանկությունը
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





