ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն լավատես է, որ երբ ընդդիմությունը ծանոթանա Նոր Սահմանադրության տեքստին, գուցե, ասի՝ այո։ «Կարող է մեր ընդդիմադիր գործընկերների մտքերում բանականությունը հաղթում է և իրենք հասկանում են, որ իրենք անտրամաբանական բան են անում։ Ես չեմ կարող ելնել այն կանխավարկածից, որ մեր ընդդիմադիր գործընկերներն առանց տեքսը տեսած լինելու անպայման ասելու են չէ, որովհետև ես բավականին բարձր կարծիք ունեմ իրենց ինտելեկտուալ կարողությունների մասին և համարում եմ, որ իրենք ունակ են բանական կերպով քննարկել տեքստեր, և ես համարում եմ, որ բանավեճի մեջ կարող է ծնվել ճշմարտություն»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ խոսնակը։ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշման ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 70 պատգամավորի կողմ քվեարկություն: «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 64 մանդատ, այսինքն՝ իշխանությանը պակասում է 6 ձայն: Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար չստանան խորհրդարանական ընդդիմության աջակցությունը: Միևնույն ժամանակ նշել էր՝ նախ փորձելու են համաձայնության գալ ընդդիմադիրների հետ: Այսօր էլ ԱԺ նախագահն ասաց, որ լավ չի պատկերացնում՝ ինչպես է է հնարավոր չտեսած տեքստին դեմ լինել. - «Դա հակաքաղաքագիտական է, հակաքաղաքական է»,- ասաց Ռուբինյանը։ Թե՛ վարչապետը, թե՛ արդարադատության նախարարը վստահեցնում են՝ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև տարեվերջ, ինչից հետո այն կդրվի հանրային քննարկման, ապա կուղարկվի Ազգային ժողով: Վարչապետն ու նրա թիմակիցներն արդեն բացահայտել են նոր Սահմանադրության նախագծի գլխավոր փոփոխությունը. այն չի պարունակելու հղում Անկախության հռչակագրին: Սա հենց այն նախապայմանն է, որի կատարումից հետո, ըստ էության, Բաքուն կստորագրի խաղաղության պայմանագիրը: Ադրբեջանը իր նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում Անկախության հռչակագրում: Անկախության հռչակագրին հղումը Մայր օրենքից հանելուն կտրուկ դեմ է խորհրդարանական ընդդիմադիմությունը։ Այսօր Ռուբինյանը նաև հայտնեց, որ նոր Սահմանադրությունը պետք է արտահայտի այն աշխարհընկալումն ու իրողությունները, որն ունի այս պահին հայ ժողովուրդը։ «Այս պահին մեր ժողովուրդը համաձայն է, որ Հայաստանը պետք է պարփակված լինի իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, չունենա տարածքային պահանջներ ոչ մեկից, ապրի խաղաղ համագոյակցության մեջ իր բոլոր հարևանների հետ»,- նշեց նա։