Միջազգային
120 մանդատ, 38 ուժ. Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են
Իսրայելում այսօր խորհրդարանական ընտրություններ են՝ առաջինը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա «Համաս» շարժման հարձակումից հետո: Քնեսեթի 120 տեղին 38 ուժ է հավակնում: Սակայն հիմնական պայքարն ընթանում է վարչապետ Բենյամին Նեթանյահուի «Լիկուդ», գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտի «Յաշար» կուսակցությունների և նախկին վարչապետ Նաֆթալի Բեննեթի ու ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդի հիմնադրած «Բեյահադ» դաշինքի միջև։ Կեսօրվա դրությամբ մասնակցությունը գերազանցել է 31%-ը՝ ամենաբարձրը 1977-ից ի վեր։ Ընտրողների մեջ շատ են երիտասարդները: Ըստ Al Jazeera-ի՝ սա կարող է վկայել, որ մարդիկ հոգնել են Նեթանյահուից, որը երեք անգամ է զբաղեցրել վարչապետի պաշտոնը և կառավարությունն ամենաերկարը ղեկավարած պաշտոնյան է: Նեթանյահուն քվեարկելուց հետո ընտրողներին կոչ է արել ճիշտ կողմնորոշվել: «Ճիշտ քվեարկեք … հանուն Իսրայել պետության: Մենք չենք կարող այս մրցապայքարը թողնել ձախերին և արաբական կուսակցություններին, որոնք ցանկանում են վերջ դնել հրեական պետությանը»,- ասել է Իսրայելի վարչապետը։ Ըստ վերջին հարցումների՝ ո՛չ իշխող կոալիցիան, ո՛չ էլ մյուս ուժերը մեծամասնություն չեն կազմի: Սակայն Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վստահ է, որ կհաղթեն: «Աստծո օգնությամբ մենք կարող ենք հաղթել… Գիտեմ, թե որքան կարևոր է դա։ Ես կոչ եմ անում Իսրայելի քաղաքացիներին՝ դուրս գալ և քվեարկել»,- Իտամար Բեն Գվինը։ Նեթանյահուի գլխավոր մրցակից Գադի Այզենկոտն այցելել է «Համաս»-ի հարձակումից տուժած սահմանային Կիբուց համայնք: Հենց այստեղ էր մինչ այդ խոստացել իշխանության գալուց հետո 18 ամսում վերացնել Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված շարժման ռազմական վերահսկողությունը Գազայի հատվածում։ Այսօր նա վստահեցրել է՝ կկատարի խոստումը: «Ես կպահեմ այդ խոստումը: Վստահ եմ, որ մենք այսօր երեկոյան կավարտենք փոփոխություններով և նոր ոգով հանուն Իսրայելի պետության, որը կօգնի ապաքինվել երեք դժվար տարիներից հետո»,- ասել է նա։ Ողջ քարոզարշավի գլխավոր թեման եղել է անվտանգությունը: Ընդդիմությունը վարչապետին քննադատում է այս հարցում ձախողելու համար, ինչը հանգեցրեց 2023-ին «Համասի» հարձակմանը: Դրա հետևանքով մոտ 1200 իսրայելցի սպանվեց, ավելի քան 250-ը պատանդ վերցվեցին ու տեղափոխվեցին Գազա, թեև ավելի ուշ նրանք վերադարձվեցին, մի մասն էլ գերության մեջ մահացավ: Զոհերի հարազատներն ընտրատեղամասերի բացվելուց առաջ Թել Ավիվի հրապարակում մեկ րոպե լռությամբ հարգել են նրանց հիշատակը և կոչ արել քվեարկել հանուն փոփոխության: «Խնդրում եմ ձեզ, գնացեք քվեարկելու։ Եվ հիշեք բոլոր նրանց, ում ձայնը լռեցվեց ... Եկեք պատասխանատու լինենք և բերենք փոփոխություն ... հույս և թեթևացում մեզ և մեր երկրի համար»,- ասել է զոհվածի մայր Յոնա Ադամը։ «Քվեարկեք նրանց օգտին, ովքեր փոփոխությունների կոչ են անում, ովքեր կոչ են անում հետաքննիչ հանձնաժողով ստեղծել, ովքեր ավելի լավ ապագա են ցանկանում։ Երբ գնաք քվեարկելու, մտածեք մեր որդու, նաև վերջին երեք տարիներին սպանված հազարավոր այլ մարդկանց մասին»,- ասել է սպանված պատանդի հայր Ռուբի Չենը: BBC-ն գրում է, որ Մերձավոր Արևելքում իրադրության վրա մեծ ազդեցություն կունենա այն, թե ով կղեկավարի Իսրայելը։ Նեթանյահուն քարոզարշավի ընթացքում խոսել է Իրանի վրա նոր հնարավոր հարձակման մասին։ Առանց ապացույցների նա պնդել է, թե Թեհրանի միջուկային ծրագիրը սպառնալիք է, իսկ գործող ռեժիմը պետք է տապալվի։ Սակայն, ըստ գործակալության, Նեթանյահուի իրական նպատակն է ամրապնդել երկրի անվտանգությունն ապահովող առաջնորդի իր հեղինակությունը, որին մեծ հարված հասցրեց «Համասի» հարձակումը: Իսրայելում գործում է համամասնական ընտրակարգ և կառավարությունները գրեթե միշտ եղել են կոալիցիոն: Լրատվամիջոցները նշում են, որ Նեթանյահուն գուցե փորձի ազգային միասնության կառավարություն ձևավորել: Սակայն նրա գլխավոր մրցակից Գադի Այզենկոտն ասել է, որ չի միանա միասնության որևէ կառավարության:
Աղբյուր՝ Ազատություն — Միջազգային





