Միջազգային
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմի ավարտի և «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակի պայմաններում Իրանի համար անհրաժեշտ պայմանների ապահովման հարցը։ Հաղորդվում է, որ երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզայիի հետ հանդիպման ժամանակ այաթոլլահ Խամենեին նշել է, որ խորհուրդն ու նրա քարտուղարությունը հանդես են գալիս որպես «քաղաքականության մշակման խաչմերուկ»։ Իրանի հոգևոր առաջնորդն ընդգծել է մշակույթի, քաղաքականության, տնտեսության և անվտանգության փոխկապակցվածությունը։ Նրա խոսքով՝ որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել այդ ոլորտների փոխադարձ ազդեցությունը։ Խամենեին նշել է, որ հիմնավորված և վճռական որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է ունենալ համապարփակ գործողությունների ծրագիր, որը հաշվի կառնի յուրաքանչյուր փուլի առանձնահատկությունները՝ սկզբից մինչև ավարտ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հորմուզի նեղուցի կառավարման միջոցով ազգային և տարածաշրջանային անվտանգության պաշտպանությանը, ինչպես նաև հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդմանը՝ երկարաժամկետ փոխադարձ շահերի հիման վրա։ Այաթոլլահ Խամենեին հայտարարել է, որ թշնամու հուսահատությունը Իրանի ազգային դիմադրության արդյունքն է։ Նա նաև ընդգծել է հասարակության հետ ժամանակին և նախաձեռնողական հաղորդակցության անհրաժեշտությունը՝ երկրի և քաղաքական համակարգի պաշտպանության գործում քաղաքացիների ակտիվ մասնակցությունն ապահովելու համար։ Նա կոչ է արել ջանքեր գործադրել Իրանի ժողովրդի և Դիմադրության ճակատի իրավունքներն ու շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ կատարելով իրանցի պաշտոնյաների կողմից պատերազմի ավարտի և «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակի հանգուցալուծման համար առաջադրված պայմանները։ Հանդիպման ընթացքում գեներալ Ռեզային ներկայացրել է Իրանի տարբեր ոլորտներում տիրող իրավիճակի և իրականացվող միջոցառումների վերաբերյալ զեկույց։ Նրա խոսքով՝ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության հիմնական նախաձեռնություններից մեկը Իսլամական Հանրապետության՝ «տարածաշրջանային ներքին ուժերի վրա հիմնված մեխանիզմներ» ստեղծելու ռազմավարության առաջմղումն է։ Հիշեցնենք, որ երկուշաբթի Թեհրանում Իրանի ղեկավարների հետ հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը, Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Խալիդ բին Սալմանը և Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը։ Սա Իրանի և Մեքքայի համաձայնագրի երեք մասնակից երկրների միջև առաջին բարձր մակարդակի շփումն էր այն բանից հետո, երբ Մերջավոր Արևելքում պատերազմը Սաուդյան Արաբիային և Եմենի հուսիթներին ներքաշել էր անմիջական հակամարտության մեջ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





