Մշակույթ
Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի «Գործարարի» ցուցակը գլխավորած Արմեն Գրիգորյանի օգտին
«Համաձայն նախօրոք ձեռք բերված փոխըմբռնման՝ Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։ Ըստ Մկրտչյանի՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններին «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Գրիգորյանը ստիպված է եղել սառեցնել ՔՊ-ին անդամակցությունը՝ ընտրական տեխնիկական պահանջների բերումով, որն ապասառեցնելու համար արդեն համապատասխան դիմում է ներկայացրել։ «Չենք պատրաստվում համայնքի ավագանիում ձևականորեն հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն, այլ հանդես ենք գալու որպես միասնական «Քաղաքացիական պայմանագիր»,- գրել է Մկրտչյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Հայաստանի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններ էին։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների՝ Ստեփանավան համայնքի ՏԻՄ ընտրություններին «Գործարար» կուսակցությունը ստացել է ձայների 41,54 %-ը, «Քաղաքացիական պայմանագիրը» ՝ 35,32 %-ը, «Ուժեղ Հայաստանը»` 19,68 %-ը, իսկ «Հանրապետությունը»` 3,41 %-ը։ «Գործարար» կուսակցության ցուցակը ղեկավարում էր Ստեփանավանի գործող ղեկավար Արմեն Գրիգորյանը։ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում էր Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը։ «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորում էր Արսեն Գևորգյանը, որն ընտրություններից առաջ ձերբակալվել և կալանավորվել է ընտրակաշառքի մեղադրանքով։ Լուսանկարում՝ Արմեն Գրիգորյանը
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





