ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Պետության կողմից ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների տրամադրման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Ըստ այդմ, առաջարկվում է սահմանել կրթաթոշակների տրամադրման միասնական կարգ՝ հաշվի առնելով ուսանողների առաջադիմությունը, սոցիալական վիճակը, ընտրած մասնագիտության կարևորությունը պետության համար, ինչպես նաև գիտական, ստեղծագործական, սպորտային և հասարակական գործունեության ընթացքում գրանցած ձեռքբերումները։ Առաջարկվում է սահմանել պետական կրթաթոշակների երեք տեսակ՝ ակադեմիական, սոցիալական և նպատակային, ինչպես նաև ուսանողների ձեռքբերումների համար պետական մրցանակներ։ Յուրաքանչյուր տեսակի համար կլինեն տրամադրման առանձին պայմաններ և չափանիշներ։ Ակադեմիական կրթաթոշակները կխրախուսեն բարձր առաջադիմությունն ու ակադեմիական բարեվարքությունը։ Սոցիալական կրթաթոշակները կաջակցեն սոցիալական որոշակի խմբերի ուսանողներին՝ նպաստելով բարձրագույն կրթության հասանելիությանը։ Նպատակային կրթաթոշակները կուղղվեն պետության համար առաջնահերթ մասնագիտական ոլորտներում անհրաժեշտ կադրերի պատրաստմանըայդ թվում՝ ուսումը ավարտելուց հետո որոշ կազմակերպությունում աշխատելու պարտավորության սահմանմամբ։ Իսկ պետական մրցանակները կտրամադրվեն գիտական, ստեղծագործական, սպորտային և հասարակական նշանակալի ձեռքբերումների համար։ Նախատեսվում է նաև հնարավորություն տալ ուսանողներին միաժամանակ ստանալու մեկից ավելի տեսակի կրթաթոշակ և/կամ մրցանակ, եթե նրանք բավարարում են սահմանված պայմաններին։ «Այս մոտեցումը հնարավորություն կտա հաշվի առնել ուսանողի միաժամանակյա կարիքներն ու ձեռքբերումները՝ բացառելով այն մոտեցումը, երբ կրթաթոշակի մեկ տեսակ ստանալը ինքնին սահմանափակում է այլ տեսակի աջակցության հնարավորությունը։ Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև պետական աջակցության տրամադրման պայմանների, շահառուների շրջանակի, վճարումների չափերի, համատեղման դեպքերի և ֆինանսավորման աղբյուրների միասնական կարգավորմամբ։ Առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան պետական աջակցությունը տրամադրել սահմանված չափանիշներով, ապահովել գործընթացի թափանցիկությունը և բարձրացնել հատկացվող ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման արդյունավետությունը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։ Կրթաթոշակներն ու պետական մրցանակները կֆինանսավորվեն պետական բյուջեից։ Ծախսերի չափը կախված կլինի կրթաթոշակների և մրցանակների չափերից, շահառուների թվից և աջակցության համատեղման հնարավորությունից։ Ըստ հիմնավորման՝ ն ախագծի ընդունումը կարող է պետական բյուջեի լրացուցիչ ծախսեր առաջացնել, որոնց ծավալը պետք է գնահատվի համապատասխան ֆինանսական հաշվարկներով։ Բուհերը կարող են նաև լրացուցիչ մրցանակներ, անվանակարգեր կամ հավելավճարներ սահմանել՝ դրանք ֆինանսավորելով սեփական միջոցներով, հովանավորների աջակցությամբ, դրամաշնորհներով կամ այլ աղբյուրներից։ Արդյունքում, ակնկալվում է ձևավորել պետական աջակցության համակարգ, որը միաժամանակ կխրախուսի ուսանողների առաջադիմությունը, կաջակցի կրթության հավասար հասանելիությանը, կարձագանքի պետության մասնագիտական պահանջարկին և կարժևորի ուսանողների նշանակալի ձեռքբերումները։ Լուսանկարը՝ pixabay.com-ից