Պենտագոնի գլխավոր տեսուչի գրասենյակը մերժել է ինը սենատորների դիմումը՝ հետաքննելու Ուկրաինայում Starlink-ի և դրա ռազմական տարբերակի՝ Starshield-ի աշխատանքի խափանումները։ Այս մասին գրում են Associated Press-ը և CNN -ը, փոխանցում է Meduza-ն։ Սենատորներին ուղարկված պատասխանում նշվել է, որ այդ հարցերն ավելի ճիշտ է հասցեագրել ԱՄՆ ռազմաօդային և տիեզերական ուժերին։ Դիմումը ստորագրած ինը սենատորներից չորսը հանրապետական են, հինգը՝ դեմոկրատ։ «Մտահոգություն է առաջացնում, որ գլխավոր տեսուչը, ըստ երևույթին, որոշել է չհետաքննել արբանյակային կապի խափանումները, մինչդեռ Ուկրաինան ապավինում է այդ կապին՝ խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար»,- հայտարարել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջատար դեմոկրատներից մեկը՝ դիմումի համահեղինակներից Ջին Շահինը։ Ամերիկացի կոնգրեսականի օգնականը, որը ծանոթ է իրավիճակին, անանուն մնալու պայմանով AP-ին ասել է, որ Պենտագոնի գլխավոր տեսուչը «փաստացի հրաժարվում է հետաքննել Մասկի և Starlink-ի գործունեությունը, թեև դրա համար ունի բոլոր անհրաժեշտ լիազորությունները»։ Հոկտեմբերի կեսերին ուկրաինացի զինվորականները հայտնել էին Starlink-ի ռազմական տարբերակի՝ Starshield-ի աշխատանքի սահմանափակումների մասին։ Երբ անօդաչու թռչող սարքերի արագությունը գերազանցել է ժամում 160 կմ-ը, կապն ընդհատվել է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ինքը հրահանգ չի տվել սահմանափակել Starshield-ի աշխատանքն Ուկրաինայում և չգիտի, թե ով կարող էր դա անել։ The Telegraph-ը, հղում անելով չորս աղբյուրի, գրել էր, որ Իլոն Մասկն է նման առաջարկով դիմել Թրամփին։ The Wall Street Journal-ը նույնպես հայտնել է, որ Starshield-ի աշխատանքը սահմանափակելու հրահանգը տվել է Մասկը։ Ինքը՝ Մասկը, ուկրաինացի զինվորականներին մեղադրել է Starlink-ի օգտագործման պայմանները խախտելու մեջ։ Նրա պնդմամբ՝ նրանք արբանյակային կապն օգտագործել են անօդաչուներով հարձակողական հարվածներ հասցնելու և մարդկանց սպանելու նպատակով։ Մասկը նաև նշել է, որ եթե Ռուսաստանը պատասխան հարվածների շրջանակում սկսի ոչնչացնել Starlink-ի արբանյակները, դա կարող է առաջացնել «ավերվածությունների շղթայական ռեակցիա» և հանգեցնել «տիեզերական աղբի հսկայական ամպի» առաջացման։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ» ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել