Հասարակություն
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հոկտեմբերի 24-ին Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ Պատվիրակության կազմում էին Լիոնի փոխքաղաքապետ, կենսաբազմազանության հարցերով պատասխանատու Սոֆիա Պոպոֆը, Կենսաբազմազանության և քաղաքային բնության վարչության տնօրեն Սեբաստիան Բուշեն և Մարդու իրավունքների, քաղաքային դիվանագիտության և կլիմայական դիվանագիտության ծրագրերի ղեկավար Ժուլիան Գուրդենը։ Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։ Նա ներկայացրել է Հուշահամալիրի կառուցման պատմությունը ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը: Սոֆիա Պոպոֆը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Լուսինե Աբրահամյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ են լսել հատկապես Անատոլ Ֆրանսի և Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հայանպաստ գործունեության մասին: Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին տիկին Սոֆիա Պոպոֆը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





